Այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը տղամարդը կրակել է կնոջ վրա, հայտնում է Shamshyan.com֊ը։
Կայքի փոխանցմամբ՝ ամուսինը, այցելելով ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:
Հիվանդանոցում Ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանին հայտնել են, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Միլենա Ասատրյանը օրեր առաջ է իր որդուն լույս աշխարհ բերել նշված ծննդատանը:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Armtimes.com֊ին հայտնել է, որ կնոջ վրա ծննդատանը կրակած տղամարդը մահացել է, իսկ կնոջը տեղափոխել են վիրահատարան: Այս պահին հիվանդանոցում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու Հանրապետական հիվանդանոցի ծննդօգնության բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: