Բաղրամյան պողոտա եկած բարձրաստիճան ոստիկանը հորդորում էր անչափահասներին տուն ուղարկել․ նա, սակայն, չպատասխանեց էլէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցների հիմնական հարցին՝ ինչու էին հունիսի 23-ին ոստիկանները ուժ կիրառում և բերման ենթարկում անչահասներին։
Հուլիսի 1-ին էլեներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցի վայր՝ Բաղրամյան պողոտա էր ժամանել Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը: Նա ասել է, որ նպատակ ունի զրուցել նստացույցին մասնակցող անչափահասների հետ, իմանալ՝ արդյոք ծնողները տեղյակ են, որ նրանք Բաղրամյան պողոտայում են: Բարձրաստիճան ոստիկանը հայտարարել է, որ «սա անչափահասների տեղ չէ»: Ինչևէ, Դուրյանը շուտով ստիպված էր հեռանալ, քանի որ ցուցարարները նրան երեխաների հետ առանձնազրույցներ անելու հնարավորություն չեն տվել. Դուրյանին շրջապատել են ցուցարարները և լրագրողները՝ հարցնելով, թե անչափահասների հարցերով զբաղվող ոստիկանն ո՞ւր էր հունիսի 23-ին, երբ ոստիկանները երախաներին բերման էին ենթարկում, նրանց նկատմամբ բռնություն կիրառում։
«Ե՞րբ գայի, առավոտյան ժամը 06.00-ի՞ն», – արդարացել է Դուրյանը:
Թե ինչու են ոստիկանները երեխաներին ծեծել հարցին՝ ոստիկանը չի պատասխանել՝ նշելով, որ այդ ժամին անչափահասները պետք է տանը լինեին:
«Իսկ ջրելուց առաջ շրջայց կատարե՞լ եք՝ իմանալու, թե քանի անչափահաս կա» լրագրողներից մեկի հարցին Դուրյանը կրկին չի պատասխանել՝ ասելով, որ ցանկանում է խոսել հավաքի կազմակերպչի հետ:
Ցուցարարները բացատրել են, որ կազմակերպիչ չունեն և իրենց ակցիան ինքնաբուխ է։ Դուրյանին մոտեցել է նստացույցի մասնակից Աստղիկ Աղեկյանը, ով պատմել է, որ իր անչափահաս աղջկան հունիսի 23-ին մահակով հարվածել են։
«Ես անչափահաս երեխայի մայր եմ: Երեխաս տեսել է, թե ինչպես են մորը բերման ենթարկում և վազելով հասել է ստեղ: Դուբինկով տվել են մեջքին, իսկ մի անհայտ բժիշկ էլ, խփելով մեջքին, ասել է․ «Բան չկա, հել, գնա տուն»։ Ի՞նչ եք առաջարկում՝ էդ երեխան ի՞նչ անի», ֊ ասել է կինը։
Դուրյանը չի պատասխանել այս հարցերին և հորդորել Աղեկյանին դեպքի մասին հայտարարություն տալ, եթե ցանկանում է:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի ակցիան ցրելու ընթացքում Աստղիկ Աղեկյանին սեռական բնույթի կոպիտ հայհոյանք է տվել քաղաքացիական հագուստով մի ոստիկան։
Այնուհետև ոստիկանները, բռնություն կիրառելով, կնոջը տարել են բաժին: Աղեկյանը և դուստրն այդ օրը տեղափոխվել էին հիվանդանոց: