Գյումրու Թատերական հրապարակում էլէներգիայի թանկացման դեմ անցկացվող խաղաղ նստացույցից բերման ենթարկված բռնությամբ զուգորդված խուլիգանության մեջ մողադրվող Կարեն Պետրոսյանը մինչ այժմ մասնակցել է բացառապես քաղաքացիական շարժումների, ակտիվ է եղել հատկապես ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին պահանջելու և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիաների ժամանակ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Պետրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը:
Կարեն Պետրոսյանի հետ միասին հունիսի 24-ի վաղ առավոտյան բերման են ենթարվկել ևս 12 քաղաքացի, որոնց նկատմամբ սակայն մեղադրանք չի առաջադրվել:
Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ իրենց համար անտրամաբանական է, թե ինչու հենց Կարենի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել:
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունում իր պաշտպանյալի իրավունքները խախտվել են, նրանց առանց հիմնավորման պահել են ոստիկանությունում մոտ 7-8 ժամ, ինչը թույլատրված 3 ժամից ավել է: Կան դեռևս չապացուցված կասկածներ, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել:
«Պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ իմ պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասել է Հայրապետյանը:
Լուսանկարը՝ aravot.am