Սեպտեմբերի 2-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում, իրավիճակը լարված է եղել: Համաձայն Armtimes.com կայքի՝ հակառակորդը կրակել է ոչ միայն սահմանամերձ գյուղերի, այլև սահմանից բավական հեռու գտնվող Սևքար գյուղի ուղղությամբ. այդ գյուղում պայթել է 5 արկ:
Բացի Սևքարից, կրակոցներ են ուղղվել նաև Ներքին Ծաղկավան, Բերքաբեր, Կոթի համայնքների ուղղությամբ:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով Կոթի գյուղի երկու բնակիչ՝ մայր և որդի Նազիկ ու Ռազմիկ Թումանյանները վիրավորվել են ու տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ երեկոյան «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է. «Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին»:
Երեկոյան 23.30-ի դրությամբ՝ ոստիկանությունը Դիլիջանում սկսել է կանգնեցնել մեքենաները և Թբիլիսի ուղևորվողներին տեղեկացնել, որ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է, և անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով: