Գլխավոր / Տեսանյութեր / Շիրակի և Արագածոտնի մարզի գյուղերում տասնյակ մարդիկ վարակվել են խմելու ջրից

Շիրակի և Արագածոտնի մարզի գյուղերում տասնյակ մարդիկ վարակվել են խմելու ջրից

Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում սեպտեմբերի 10-ին արձանագրված խմելու ջրի վարակի հետևանքով աղիքային վարակիչ հիվանդություններ են ձեռք բերել գյուղի 28 բնակիչ, նրանցից 4-ը տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ձիթհանքովի գյուղապետ Հովիկ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ջրի վարակը կապված չէ գյուղի ներսում ջրամատակարարման համակարգի հետ, այլ տարածաշրջան մտնող ընդհանուր ջրից է, քանի որ վարակը տարածվել է հարևան գյուղերում ևս, ինչպես նաև` Արագածոտնի մարզի գյուղերում:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ձիթհանքովում ու Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում ջրի քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ հաստատվել է շիգելոզ (դիզինտերիա) հիվանդությունը: Արագածոտնի մարզի գյուղերից 17 հիվանդ հոսպիտալացվել է Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, որոնց վիճակը սեպտեմբերի 12-ին գնահատվում էր միջին ծանրության, նրանք ունեին լավացման դրական տեղաշարժ:

Այսօր Թալինի բժշկական կենտրոնից Epress.am-ին հրաժարվել են հիվանդների վիճակի մասին նոր տեղեկություն տալ՝ նշելով, որ ամբողջ բուժանձնակազմը զբաղված է հիվանդներով և այցերով այն համայնքներ, որտեղ գրանցվել է վարակը:

Առողջապահության նախարարությունից հայտնել են նաև, որ դիմել են «Հայջրմուղկոյուղի» կազմակերպությանը՝ խնդրելով խստացնել հսկողությունը խմելու ջրի ցանցի նկատմամբ և ապահովել լիարժեք վարակազերծում՝ գերքլորացում: