Home / Տեսանյութեր / Հայհոյանքներ դատարանի բակում․ Փաստաբանի վարկածը վրդովեցրել է մահացածի քրոջը

Հայհոյանքներ դատարանի բակում․ Փաստաբանի վարկածը վրդովեցրել է մահացածի քրոջը

2014 թվականի հուլիսի 13-ին Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանի և նրա զարմիկների կողմից ծեծվելուց հետո ազատամարտիկ Վարդան Թումանյանը, հնարավոր է, ծեծվել է նաև այլ մարդկանց կողմից և միայն դրանից հետո մահացել: Նման վարկած է այսօր դատարանում առաջ քաշել խմբակային ծեծի մեջ մեղադրվողներից մեկի՝ Վիկտոր Հովսեփյանի պաշտպան Կարեն Մկրտչյանը (գլխավոր լուսանկարում՝ աջից): Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Թումանյանի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ միայն գլխի հատվածում, իսկ մահվանից հետո՝ դատաբժշկական փորձաքննությամբ նրա մոտ հայտնաբերվել են նաև քերծվածքներ իրանին, որոնք նրան կարող էին հասցվել հետագայում՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

«Եթե դուք հարցնեք ցանկացած մասնագետի, [կասի]՝ քերծվածքները երևում են անմիջապես, այսինքն՝ եթե լինեին դրանք հիվանդանոց տարվելիս, կֆիքսվեին վնասվածքաբանի կողմից», – ասել է պաշտպանը:

Այս վարկածը զայրացրել է Թումանյանի իրավահաջորդին՝ նրա այրի Տանյա Մելքումյանին և Թումանյանի քրոջը՝ Մարիետա Թումանյանին:

«Սա ուղղակի լկտիության գագաթնակետն է: Ասել, որ Վարդանի մահը կապ չունի իրենց ծեծի հետ, այլ ուրիշ մի ծեծի հետ [կապ ունի], դա մեծագույն աբսուրդ է»,- ասել է Մարիետա Թումանյանը։ Դատարանի բակում նա վիճաբանություն է սկսել փաստաբանի և մեղադրյալների հետ, ովքեր ավելի վաղ ազատ են արձակվել ստորագրության դիմաց:

Կողմերը սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ միմյանց հասցեին։  Ամբաստանյալների ընկերները հորդորում էին կնոջը «չգոռալ ու հանգստանալ», իսկ լրագրողներին՝ «չնկարել»:

Ջունգլը՝ ձախից

jungle

Վիկտոր Հովսեփյանի պաշտպան Կարեն Մկրտչյանն իր ճառում նաև նշել է նոր հանգամանքի մասին, որը գործի նյութերում չկար, այն է՝ ազատամարտիկին ամբաստանյալները սկսել են ծեծել այն բանից հետո, երբ Թումանյանն ինքն է հարվածել Ջունգլին, ըստ փաստաբանի, «կատարելով հանցավոր արարք»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը դատարանին ասել է, որ գործի նախաքննությունը ցույց է տվել, որ Թումանյանը որևէ հանցավոր արարք չի կատարել:

Մկրտչյանը միջնորդել է իր պաշտպանյալ Վիկտոր Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնել, քանի որ ինքը միայն փորձել է բաժանել կռվողներին: Այս միջնորդության մասին դատարանը կարծիք կհայտնի հաջորդ դատական նիստին:

Դատարանը հետաձգել է նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որը կատարել էր տուժողի իրավահաջորդի փաստաբանը, ով փորձաքննության անհրաժեշտությունը հիմնավորել էր նրանով, որ գործում կա երկու փորձաքննություն՝ մեկը մյուսին հակասող: Համաձայն մեկի՝ Թումանյանը մահացել է ծեծի հետևանքով, համաձայն մյուսի՝ բնածին արատ ուներ:

«Եզրակացությունից ակնկալում ենք հետևյալ հարցերի պատասխանները. ինչպիսի՞ վնասվածքներ է Վարդան Թումանյանը ստացել, ե՞րբ է վրա հասել մահը, ո՞րն է դրա պատճառը, կա՞ արդյոք կապ ծեծի և մահվան միջև, թե՞ Թումանյանն անկախ ծեծից այդ օրը երեկոյան պետք է մահանար», – ասել է պաշտպանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30:

Գործի մանրամասները՝ այստեղ