Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող ամենամեծ ընկերությունը՝ Glass World Company֊ն, 3-ից 6 ամսվա աշխատավարձ է պարտք մոտ 300 աշխատակիցների։ Վերջիններս աշխատավարձը վճարելու պահանջով գործարանի մոտ մի քանի անգամ բողոքի ակցիա են անցկացրել, բայց, արդյունքի չհասնելուց հետո, այսօր եկել էին Կառավարության շենքի մոտ։
Ավելի վաղ Epress.am֊ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները տեղեկացրել էին, որ գործադիր տնօրեն Բաբկեն Սեդրակյանն ամիսներ առաջ խոստացել էր, որ մինչև օգոստոսի վերջ աշխատավարձի ողջ պարտքը կմարվի։
«Հիմա Սեդրակյանն իր հաշվին անժամկետ արձակուրդ է գնացել, իր փոխարեն դրել իրավաբանին՝ Արմեն Թորոսյանին, որ իր վրա վերցնի հարվածները»,֊ ասել է փականագործ Արայիկ Գևորգյանը։
Աշխատակիցների խոսքով՝ գործարանը արհեստականորեն տանում են սնանկացման։
«Մենք իրավաբանին զանգում ենք, լկտի պատասխանում է՝ դուք գիտեք՝ ո՞ւմ եք զանգել։ Զանգեք սեփականատիրոջը, զանգեք Կենտրոնական բանկ։ Ասում են՝ չգիտենք, երբ փող կլինի, կտանք Սեփականատերը ռուս է, նրան մենք կյանքում չենք տեսել», ֊ ասել է գործարանի մեկ այլ աշխատող Կարեն Ջամալյանը։
Կառավարության նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը (լուսանկարում) բողոքի ակցիայի մասնակիցներին ասել է, որ Կառավարությունը ոչնչով չի կարող օգնել, քանի որ Glass World Company֊ն մասնավոր ընկերություն է։
«Ղազարյանը մեզ ասեց՝ ուզում եք, դիմեք դատարան։ Մենք հենց այդպես էլ անելու ենք։ Եթե չտան, փակելու ենք Սևան֊Երևան մայրուղին։ Քննարկում ենք՝ ինչ անել։ Տնօրինությունն ասում է՝ պատվեր չկա, բայց մեր արտադրածն էլ չկա, եթե ծախել են արտադրանքը, ապա էդ գումարը ո՞ւր է»,֊ ասել է Արայիկ Գևորգյանը։
«Օգոստոսի 8֊ն էր, ասեցին՝ կանգնեցնում ենք գործարանը։ Ու ես դիմում եմ գրել, դուրս եմ եկել։ Կան մարդիկ, որ իրենց հաշվին արձակուրդի մեջ են։ Բայց չգիտեն էլ՝ կվերագործարկվի գործարանը, թե՝ ոչ։ Մեզ 3-6 ամսվա աշխատավարձ են պարտք, ու վերջնահաշվարկ», ֊ ասել է գործարանի վառարանի օպերատոր Էդգար Մարտիրոսյանը։