«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմին կոչ է անում qahana.am կայքից հեռացնել եզդիներին վերաբերող Տեր Եսայի քահանա Արթենյանի մեկնաբանությունը։
Քահանան, մասնավորաբար, գրել է, թե «եզդին արևապաշտ է» և «եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը»:
«Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաև խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ: Ուստի դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի կարգի հրավիրի իր հայրապետության ներքո գտնվող հոգևորականին, որպեսզի այլևս նման խտրական հայտարարություններ չլինեն: Եզդիների կրոնից անտեղյակ մեկը չի կարող խոսել մեր կրոնից: Եսայի քահանան ստվեր է նետում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի անվան վրա», ֊ տարածած հայտարարության մեջ ընդգծում է Բորիս Մուրազին։
Երեկ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Սաշիկ Սուլթանյանը Տեր Եսայի քահանա Արթենյանին կոչ էր արել ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար։