ՀՀ նախագահի նստավայրի մոտ ամեն շաբաթ բողոքի ակցիա անցկացնող բանակում զոհված զինվորների ծնողներն այսօր 11։40-ի սահմաններում փորձել են մոտենալ նախագահականի կենտրոնական մուտքին, սակայն հանդիպել են ոստիկանական պատնեշի։
Ոստիկանները փակել են դեպի նախագահական տանող մայթը․ իրավապահները ճանապարհը բացում էին անցորդների համար։ Նման իրավիճակը զարմացրել էր բանակում զոհված զինվորների ծնողներին, ովքեր պահանջում են ԱԺ֊ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի քրեական գործերը և գնահատական կտա դրանց։ 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, հիշեցրել է ոստիկանների գործողությունները ղեկավարող կապիտան Բաղրամյանին, որ վերջին 1.5 ամսվա ընթացքում իրենք մի քանի անգամ ակցիան անցկացրել են նախագահականի դարպասների մոտ և խոչընդոտների չեն հանդիպել։ Ոստիկանը, սակայն, պատասխանել է, որ օրենքը թույլ չի տալիս ակցիա անել նախագահականի դիմաց, իսկ նախորդ դեպքերում ծնողները չարաշահել են իրենց վստահությունը և դարպասի դիմացով անցնելու փոխարեն կանգնել են նախագահականի կենտրոնական մուտքի մոտ։
«Բացեք ճանապարհը, մի ստիպեք, որ ես վիրավորանքների անցնեմ։ Ես չեմ ուզում Ձեզ անիծել, բայց դուք ստիպում եք, որ ես ասեմ՝ էս իմ սև շորերը ձեր մայրերի ու քույրերի վրա եմ ուզում տեսնել։ Իմ որդուն սպանել են բանակում, 9 տարի է գործը չի բացահայտվում… Ինչի՞ համար։ Որ քո նման վիժվածքը գա, իմ դեմը կտրի՞», ֊ վրդովված ասել է Սարգսյանը։
Ծնողները Բաղրամյան պողոտա են հրավիրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներին։
Սարգսյանը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Ռաֆայել Պողոսյանին խնդրել է իրենց և լրագրողների ներկայությամբ բանակցել ոստիկանների հետ, սակայն Պողոսյանը հրաժարվել է։ Ոստիկանների և ՄԻՊ֊ի ներկայացուցչի առանձնազրույցը մոտ 10 րոպե է տևել, որից հետո զոհված զինվորների ծնողներին թույլ են տվել առաջ շարժվել ու կանգնել նախագահականի դարպասի մոտ։ Մինչ ծնողները զրուցում էին լրագրողների հետ, ոստիկաններից մեկը շարունակում էր խոսել Ռաֆայել Պողոսյանի հետ՝ բողոքելով ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչին, թե ծնողները վիրավորում են իրեն, բայց ինքը, հասկանալով նրանց վիշտը, ոչինչ չի անում։
Լրագրողները հետաքրքրվել են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչից, թե ինչ է նա ասել ոստիկաններին, որից հետո վերջիններս բացել են ճանապարհը։ Պողոսյանը հրաժարվել է պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությանը։
Ծնողները, իրենց հերթին, ոստիկաններից հետաքրքրվել են, թե ի՞նչ փոխվեց ՄԻՊ գրասենյակի անդամների այցից հետո, սակայն նրանց հարցը նույնպես անպատասխան է մնացել։