Home / Հայաստան / «Էլ ո՞նց եք ուզում կոռուպցիան լինի»․ ԱՎԾ֊ն կեղծ թվեր է ներկայացնում, պնդում է պատգամավորը

«Էլ ո՞նց եք ուզում կոռուպցիան լինի»․ ԱՎԾ֊ն կեղծ թվեր է ներկայացնում, պնդում է պատգամավորը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը պետք է վերացնել, քանի որ այն կեղծ թվեր է հրապարակում։ Այս առաջարկն այսօր ԱԺ֊ում արել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ։

«Մարկ Տվենն ասում էր՝ կա արդարացված սուտ, կա չարդարացված սուտ և կա վիճակագրական սուտ և այդ սուտասաններից մեկը նստած է այստեղ», ֊ Բագրատյանը մատնացույց է արել ԱԺ դահլիճում նստած ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին։

Պատգամավորի խոսքով՝ այս տարի 120 հազար տոննա խաղող է արտադրվել, մինչդեռ ԱՎԾ֊ն ուռճացնում է վիճակագրական տվյալները։

«300 հազար ես ցույց տալիս նրա համար, որպեսզի խաղող մթերող ձեռնարկությունները ցույց տան, որ շատ են խաղող առել, ու հարկ չտան։ Էլ ո՞նց եք ուզում կոռուպցիան լինի, ոտո՞վ ա լինում, շորը փոխա՞ծ ա լինում», ֊ ասել է Բագրատյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ կոնկրետ գյուղմթերքի թվերի ուռճացումը հնարավոր է դարձել 2003 թվականին «Գյուղատնտեսության մասին» օրենքի փոփոխությամբ, որից հետո ցուցանիշները հավաքվում են ոչ թե գյուղերում առաջնային հարցումներով, այլ մարզպետարանների վիճակագրական վարչությունների, գյուղապետարանների միջոցով։

Բագրատյանը նշել է, որ ԱՎԾ տվյալներով ՀՀ համախառն ներքին արդյունքը 1990 թվականի համեմատ աճել է 67 տոկոսով։

«Հասկանալի է, որ եթե երկրի բնակչությունը 3 միլիոն 800 հազարից իջել է 2 միլիոն 700 հազարի, ապա, կոպիտ ասած, 2015 թվականի բնակչությունը պետք է 2 անգամ ավելի լավ ապրի, քան 1990 թվին։ Բայց արի ու տես, որ կա ավելի քան 40 տոկոս աղքատություն»,֊ ասել է Բագրատյանը։