Նոյեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց 14 շենքի մոտ հրազենից կրակել են 32-ամյա Հովհաննես Աթանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ԶԼՄ֊ների համաձայն, Աթանյանն աշխատում էր «Անելիք» բանկում որպես իրավաբան։ Դեպքի առնչությամբ սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։ ՀՀ ոստիկանության կայքն այսօր հայտնել է, որ «օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն»։ Այժմ ոստիկանները որոնում են կասկածվող անձին։