Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանները թույլ չեն տվել զոհված զինվորների ծնողներին՝ Նանա Մուրադյանին և Իրինա Ղազարյանին անցնել նախագահական նստավայրի դարպասների մոտով։
Նախորդ երկու հինգշաբթիներին զոհվածների մայրերն անցել ու մի քանի րոպե կանգնել են նախագահականի դարպասի մոտ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների միջամտությունից հետո։ Այսօր, սակայն, ոստիկաններն անդրդվելի էին. նրանք թույլ չտալը բացատրեցին ծառայողական անհրաժեշտությամբ, ապա նշեցին, որ նախագահական պատվիրակություն է գալու և մայրերը չեն կարող կանգնել դարպասի մոտ։
«Փաստորեն, պատվիրակությունը չպետք է մեզ տեսնի», ֊ ասել է Իրինա Ղազարյանը։
Նանա Մուրադյանն էլ նշել է, որ իրենք ցանկանում են պարզապես անցնել դարպասի կողքով․ «Միայն մեկ րոպե կկանգնենք, որպեսզի Սերժ Սարգսյանը տեսնի, որ մենք միշտ էլ գալու ենք, հետո կանցնենք»։
Երբ ոստիկանները վերջնականապես հրաժարվել են ճանապարհը բացել, մայրերը դուրս են եկել փողոցի երթևեկելի մասը։ Ոստիկանների և նրանց միջև քաշքշոց է սկսվել, որի հետևանքով ոստիկաններից մի քանիսը Իրինա Ղազարյանին տարել են դիմացի մայթ։
Նախագահականի մայթին մնացած Նանա Մուրադյանը զանգահարել է ՄԻՊ գրասենյակ, սակայն Բաղրամյան պողոտա ժամանած ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Ռաֆայել Պողոսյանն այս անգամ չի կարողացել համոզել ոստիկաններին։ Ղազարյանն ու Մուրադյանը խնդրել են նրան վերջնականապես պարզաբանել, թե ինչու են իրենց նկատմամբ ընտրովի մոտեցում ցուցաբերում, և արդյո՞ք իրենք իրավունք չունեն կանգնել նախագահականի դիմաց։ Պողոսյանը խնդրել է համապատասխան հարցում անել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
«Քանի իմ որդու սպանության մեղավորը չի պատժվել, ես գալու եմ ամեն անգամ, հիշեցնեմ նախագահին, որ գլխավոր պատասխանատուն ինքն ա», ֊ հեռանալուց առաջ ասել է Նանա Մուրադյանը։