Մարդու իրավունքների ոլորտում գործող 11 կազմակերպություններ իրենց մտահոգությունն են արտահայտել Բահրեյնի քաղաքացի Ֆադհել Ռադհիի ձերբակալության առթիվ։ 26-ամյա Ռադհին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հունվարի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում։ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջինս հետախուզվում էր Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով 2014թ. մայիսի 25-ից։ Բահրեյնում նրա դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն։ Ոստիկանությունը Ռադհիի ձերբակալության մասին տեղեկացրել էր Հայաստանում Ինտերպոլի ներկայացուցչությանը։
Ինչպես հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, 11 իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, նշում են, որ Ռադհին քաղաքացիական ակտիվիստ է, ով փախել էր Բահրեյնից, որտեղ նա քաղաքական պատճառներով դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման։
Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վստահեցնում են, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար:
Իրավապաշտպանների հավաստմամբ՝ Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ դրանում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով՝ միջազգային չափանիշներին հակասող միջոցներով այդ երկրի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո:
Մարդու իրավուքների ոլորտում գործող կազմակերպությունները հույս են հայտնել, որ Հայաստանի իշխանությունները և Ինտերպոլը չեն ենթարկվի Ռադհիին արտահանձնելու Բահրեյնի պահանջին՝ առանց համոզվելու, որ նրա նկատմամբ հստակ քրեական գործ կա, որը հարուցվել է անաչառ և անկախ դատարանի կողմից, որն ի վիճակի է արդար դատաքննություն իրականացնել:
Կոչի տակ ստորագրել են՝
1. Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորում
2. Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոն
3. Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդ
4. Մարդու իրավունքների արաբական կոմիտե
5. Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպություն
6. Արդարություն իրավապաշտպան կազմակերպություն
7. Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոն
8. ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների
9. Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոն
10. Օման Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոն
11. Ամման Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանց