Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության ուղիղ հեռարձակման ձայնը կանջատվի վկաների հարցաքննության ժամանակ։ Այսօր կայացած դատական նիստի ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել Ավետիսյանների իրավահաջորդի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նա պատճառաբանել է, որ ցուցմունքի հեռարձակումը կարող է այդ պահին հասանելի լինել մյուս վկաների համար, ինչը խախտում է հանդիսանում։
Դատավոր Հարություն Մովսեսյանն անմիջապես բավարարել է միջնորդությունը, և դատական նիստն ուղիղ եթերում հեռարձակող ինտերնետային կայքերն անջատել են եթերի ձայնը։
Հիշեցնենք, որ թվով երրորդ դատական նիստն անցնում է ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում։ Գործով անցնող միակ մեղադրյալը ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով այսօր իրեն մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։