2015-ի սեպտեմբերին 39-ամյա Արտակ Առաքելյանը որսորդական դանակով սպանել է իր նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին։ Քրեական գործում նշված է, որ հանցագործությունը կատարվել է «խանդի շարժառիթով» և «ամուսնական անհավատարմության պատճառով»։
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը։ Այն հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանգուցյալի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, պատմել է, որ Հեղինեն և նրա նախկին ամուսինը տարիներ շարունակ անհաշտ են եղել: Քրոջ խոսքով՝ Արտակ Առաքելյանը Հեղինեի հասցեին պարբերաբար մահվան սպառնալիքներ է հնչեցրել: Նա նշել է, որ 2015 թվականին՝ հերթական վեճից հետո, Հեղինեն հաղորդում էր տվել ոստիկանություն՝ նշելով, որ նախկին ամուսինը իրեն հետապնդում է և սպառնալիքներ հնչեցնում։ Առաքելյանին կանչել էին ոստիկանություն, զրուցել նրա հետ՝ պահանջելով հեռու մնալ կնոջից: Սպանվածի քրոջ համաձայն՝ ամուսինները վերջին տարիների ընթացքում մեկ բաժանվել, մեկ միացել են, սակայն սպանության պահին միասին չեն ապրել։
Տուժողի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ սպանության հոդվածով հարուցված քրեական գործով քննությունը շատ թերի է:
«Մեղադրանքն այնպես է ձևակերպված, որ իբր անհավատարմության հողի վրա է կատարվել սպանությունը: Սակայն նախաքննական մարմինը որևէ փաստական տվյալ այդ մասին չի ունեցել: Որպես հիմք ընդունվել են միայն մեղադարյալ Արտակ Առաքելյանի պատմածները», ֊ ասել է Սաֆարյանը:
Փաստաբանն ընդգծել է նաև, որ 2010 թվականին ՀՀ ոստիկանությունում Հեղինե Դարբազյանի բողոքի հիման վրա ծեծի առիթով գործ էր հարուցվել, որը Սաֆարյանին անհայտ պատճառներով կարճվել է: Փաստաբանին ասել են, որ չեն կարող տրամադրել կարճման հիմքերը, քանի որ գործը 5 տարվա վաղեմություն ունի, մինչդեռ նրան կարող են տրամադրել միայն 3 տարվա վաղեմություն ունեցող գործերի փաստաթղթերը։
Նախաքննական մարմինը սպանության գործը քննելիս նույնպես չի անդրադարձել Դարբազյանի 2010 թվականի բողոքին:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Սեդա Սաֆարյանը, մասնավորապես, ասել է․ «Փաստորեն Ոստիկանությունը ռեալ չի գնահատել վտանգը, եթե գնահատեր, նման բան գուցե տեղի չունենար: Ոստիկանը պետք է գործը տար քննչական մարմիններին, և նրանք էլ պետք է ուսումնասիրեին, թե ինչքանով ռեալ էին սպանության սպառնալիքները: Այս սպանությունը հետաքննական մարմնի անտարբերության արդյունք է»:
Epress.am-ի հետ զրույցում փաստաբանը նաև կարծիք է հայտնել, որ 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) առաջադրված մեղադրանքը մեղմ է, որովհետև սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ: Դա համապատասխանում է 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, ինչը ենթադրում է 12-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում, մինչդեռ նույն հոդվածի առաջին կետը ենթադրում է 8-ից 15 տարվա ազատազրկում։
Նշենք, որ հարուցված քրեական գործի համաձայն, Արտակ Առաքելյանը 2015 թվականին սեպտեմբերի 27-ին Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում որսորդական դանակով 30-ից ավելի հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով կինը տեղում մահացել է: