Գլխավոր / Տեսանյութեր / 54-ամյա հիվանդ կինը բանտում հրաժարվել է սնունդից. նրան չեն օգնում. փաստաբան

54-ամյա հիվանդ կինը բանտում հրաժարվել է սնունդից. նրան չեն օգնում. փաստաբան

2015 թվականի օգոստոս ամսից  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող 54-ամյա Սերվենիկ Գևորգյանը հացադուլ է հայտարարել, քանի որ չի կարողանում ինքնուրույն շարժվել և սնվել, իսկ բանտում նրան պատշաճ օգնություն ցույց չեն տալիս:

Գևորգյանի փաստաբան Գայանե Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ կնոջ առողջական վիճակը վատացել է հունվարի 23-ին. նա կորցրել է գիտակցությունը: Երբ ուշքի է եկել, հասկացել է, որ մարմնի ձախ հատվածն անշարժացած է:

«Նրան նույն օրը տեղափոխեցին Աբովյան քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Դրանից հետո ասացին, որ վիճակը շատ բարդ է և իրենք չեն կարող հիվանդանոոցում պահել: Կնոջը տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ասեցին, որ Գևորգյանը պետք է ամենաքիչը 2 ամիս հիվանդանոցում բուժում ստանա: Սակայն ՔԿՀ-ի և հիվանդանոցի միջև ֆինանսական խնդիրներ են առաջացել` պետպատվերի հետ կապված թղթաբանության հարցեր, ու գումարները սկսել են պահանջել հարազատներից: Կոնֆլիկտային վիճակներ են ստեղծվել ու հիվանդանոցը որոշել է, որ պետք է դուրս գրի հիվանդին», — պատմել է Գրիգորյանը:

Գևորգյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ. փաստաբանի հավաստմամբ՝ նրա առողջական վիճակը գնալով ավելի է վատանում, իսկ ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն ցույց չեն տալիս. «Կալանավայրում բուժօգնությունը կայանում է նրանում, որ հիմնարկի միակ բժիշկը չի էլ բարեհաճում գնալ տեսակցության, երբ հիվանդը վատ է զգում: Բուժքրոջն է ուղարկում, ով հանգստացնողներ է սրսկում ընդամենը: Սակայն դա բուժման համար բավական չէ: Նա փետրվարի մեկից, երբ կրկին տեղափոխվել է ՔԿՀ, հացադուլ է հայտարարել և միայն երեկ, երբ ուշաթափվելու աստիճան վատ է եղել, նրան հորդորել ու խնդրել են, որ մի քիչ քաղցր ջուր խմի: Այսօր, սակայն, նորից ոչինչ չէր կերել»:

Փաստաբանը նշել է նաև, որ եթե նախկինում Գևորգյանի միայն ձախ կողմն էր պարալիզացված, հիմա աջ կողմի հետ կապված խնդիրներ էլ կան:

«Երեկ ինձ չի հաջողվել իրեն հանդիպել, չնայած մտածում եմ ավելորդ անգամ չտանջեմ, որովհետև պայմաններ չեն ստեղծում, որ գոնե ես բարձրանամ իր մոտ ու իրեն պառկած տեսակցեմ : Չնայելով առողջական լուրջ խնդիրներին՝ նրան պարալիզացված դնում են սայլակի մեջ ու դատապարտյալ կանանց ստիպում են սայլակն իջեցնել աստիճաններով տեսակցության սենյակ: Նրանք ավելորդ են համարում, որ տղամարդ աշխատակիցներն այդ նեղությունը քաշեն: Այդ խցերում չկան նաև նվազագույն սանիտարական պայմաններ: Նրա կողքին մի դույլ են դրել ու ասել են՝ սա է քո զուգարանը»:

Նշենք, որ Սերվենիկ Գևորգյանը, համաձայն մեղադրանքի, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ 2014թ. մայիս-հունիս ամիսներին, «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Եդիգարյանի օժանդակությամբ, բանկում տարբեր անձանց միջոցով 340.000 ՀՀ դրամ արժողությամբ կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ հափշտակել է 48 միլիոն 51 հազար դրամ: Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում։