Փետրվարի 7-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում մահացած նորածին երեխայի հայրը՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Մակար Անտոնյանը, այսօր դիմել է Ոստիկանության Արտաշատի բաժին՝ երեխայի դին դատաբժշկական քննության ենթարկելու թույլտվություն ստանալու հարցով:
Անտոնյանը իր նորածին երեխայի մահվան մեջ մեղադրում է Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկներին: Վերջինիս խոսքով՝ իր որդին մահացել է բժիշկների անփութության և սխալի պատճառով:
«Քննությունը թող ցույց տա, որ երեխան ոչ թե վնասվածքով է ծնվել, այլ վնասվածք ա ստացել հետո»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է մահացած երեխայի հայրը:
Նա պատմել է, որ իր կինը՝ Սիմա Երեմյանը հունվարի 29-ին կոնսուլտացիայի է գնացել Արտաշատի հիվանդանոց. «Բժշկուհին՝ տիկին Զեմֆիրան (Զեմֆիրա Նավասարդյան՝ Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ- խմբ.), հետազոտել ա, ասել ա՝ տոտիկային ա երեխայի դիրքը, բայց, քանի որ ցավեր չունես, փետրվարի 3-ին կգաս»:
Հունվարի 30-ի առավոտյան Երեմյանի ցավերն ուժեղացել են և նրան շտապ հասցրել են Արտաշատի հիվանդանոց:
Ամուսնու խոսքով՝ իմանալով, որ երեխան հետույքով ներքև դիրք ունի, բժիշկները որոշել են կեսարյան հատում չանել:
«Դեղեր են սրսկում, որ ցավեր ունենա, բայց սրսկումից հետո ուշքի են գալիս, որ կեսարյան էր պետք, բայց էդ թյուրիմացությունը հետո են հասկանում: Երեխան կիսախեղդ ա ծնվում», – ասել է Անտոնյանը: Երեխային ծնվելուց հետո ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ օրեր անց՝ փետրվարի 7-ին, փոքրիկը մահացել է:
Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ Զեմֆիրա Նավասարդյանը Еpress.am-ի հետ զրույցում ասել է, որ կեսարյան հատում չանելու որոշումը ինքն է ընդունել, որովհետև դրա կարիքը չկար:
«Ի սկզբանե անկայուն դրություն է եղել՝ մեկ փոխվել ա գլխային, մեկ փոխվել ա հետույքային: Բայց ես գտնում եմ, որ ինքը ինքնուրույն պետք ա ծննդաբերեր, ինքը կռուպնի կին ա, 100 կգ-ից ավել քաշ ունի, երկու երեխա ա ունեցել, այստեղ բացառված է նրան կեսարյան հատում անելը: Նա պետք է կարողանար 2կգ 700 գրամանոց երեխա ունենար», -ասել է նա: