Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Նրա փոխանցմամբ՝ դատարանը խափանման միջոցը կալանքի փոխելու որոշումը կայացրել է Գասպարիի բացակայությամբ անցկացված նիստի ժամանակ, ինչը օրենքի խախտում է: Փաստաբանի խոսքով՝ օրենքի խախտում է եղել նաև այն, որ Գասպարիին նախապես չեն ծանուցել որոշման մասին:
«Դատարանի որոշումը ձեռքներին` երեկոյան մի խումբ ոստիկաններ եկան մեր տուն ու ասացին, որ կալանավորելու որոշում են ստացել: Բայց մենք նախապես ոչ մի ծանուցում չենք ստացել, էսօր որոշել են ու եկել տարել են: Այս երկրի ապօրինություններն արդեն իրենց չափն ու սահմանն անցել են»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին:
Ակտիվիստին պառկած դիրքով դուրս են բերել ու տարել ոստիկանական մեքենայով:
Փաստաբանի փոխանցմամբ՝ այժմ Գասպարին գտնվում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. «Մենք դեռ չենք ստացել դատարանի որոշումը, սակայն այն ստանալուն պես պետք է բողոքարկենք»:
Նշենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Գասպարին բոյկոտում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Այդ գործի շրջանակներում դատարան չեն այցելում նաև նրա փաստաբանները, ու դատարանն ամեն անգամ Հանրային պաշտպանի գրասենյակին միջնորդում է նոր պաշտպան տրամադրել ամբաստանյալին։