Հայաստանի լավագույն քաղաքացիներից մեկն այժմ բանտախցում է, բայց ոչ մեկը միջոցներ չի ձեռնարկում նրան օգնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով բանտում խոշտանգումների ենթարկված քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի խնդրին:
Փոստանջյանը ներկայացրել է, որ առավոտյան Վարդգես Գասպարիին անօրինական կերպով տարել են հոգեբուժարան, իսկ մինչ այդ բանտում նրա նկատմամբ խոշտանգումներ են կիրառել: Մասնավորապես, Գասպարիի գլխին սառը ջուր են լցրել և ծեծել նրան։
«Հիմա ոչ իրավաչափ որոշում է նրա նկատմամբ ընդունվել, առանց օրենքի են նրան կալանավորել։ Ես Ձեզ ուղղակի հորդորում եմ, որ գնաք կալանավայր և միջոցներ ձեռնարկեք, որ Գասպարիին անհապաղ ազատ արձակեն»,- հայտարարել է Փոստանջյանը՝ դիմելով Կառավարության անդամներին:
Ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ ինքը տեղյակ է Գասպարիի գործի մասին։
«Երբ Գասպարիին տարել են խուց, նա պառկել է գետնին, և խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել։ Եվ հետո նրան առանձին խուց են տեղափոխել՝ մեկ անձի հետ։ Հետո քննիչը որոշել է նրա նկատմամբ դատաբժշկական հետազոտություն կատարել։ Ես առաջին անգամ եմ լսում, որ նա դժգոհում է, իբր ինքը վատ է ու նրան ճնշում են։ Իմ հանձնարարականի հիման վրա բժիշկները հարցրել են՝ առողջական խնդիր ունի, թե ոչ, նա ասել է, որ խցակիցները խնդիրներ ունեն», – ասել է Հովհաննիսյանը։
Վերջինս դժգոհել է նաև, որ Փոստանջյանն օգտագործում է «խոշտանգում» եզրույթը։
«Եկեք նաև այդ եզրույթը խուսափենք օգտագործել։ Բայց հիմա ես հայտարարում եմ, որ հետևողական կլինեմ և ամեն ինչ կբացահայտեմ», – ասել է Հովհաննիսյանը:
Փոստանջյանը հիմնավորել է, որ «խոշտանգում» եզրույթը տեղին է օգտագործում, քանի որ, երբ Գասպարիին հոգեբուժարանից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, նրան մոտեցել է «Ազատության» լրագրողը, և Գասպարին վերջինիս հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատ է, պատմել է, որ իր վրա սառը ջուր են լցրել։
«Այս բանավոր խոսքը խնդրում եմ ընդունել որպես հայտարարություն խոշտանգման մասին։ Դուք նախարար եք և ունեք լիազորություններ, լուծեք այս հարցը», – ասել է Փոստանջյանը:
Հովհաննիսյանն արձագանքել է, թե ինքն իրավասություն չունի միջամտել դատական պրոցեսին։
«Ես պատասխանատու հայատարում եմ, որ հետևողական կլինեմ», – ասել է նա։