Home / Հայաստան / ՊԵԿ֊ից կմաքրեն Գագիկ Խաչատրյանի կադրերին․ «ՀԺ»

ՊԵԿ֊ից կմաքրեն Գագիկ Խաչատրյանի կադրերին․ «ՀԺ»

Հարկային և մաքսային մարմիններում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանի պահանջով ներկայումս կազմվում են այդ մարմիններում աշխատող այն անձանց ցուցակները, որոնք հանդիսանում են ՊԵԿ արդեն նախկին նախագահ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի «մարդիկ»:

«Այսինքն, խոսքը այն մարդկանց մասին է, որոնք հավատարիմ են եղել Գագիկ Խաչատրյանին և ՊԵԿ-ում ապահովել են ինչպես լեգալ, այնպես էլ ստվերային գումարների ու ինֆորմացիայի հոսքերը: Թե ինչու է Հովհաննես Հովսեփյանը ցուցակագրում այս մարդկանց, դժվար է ասել: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ: Կամ ՊԵԿ նորանշանակ նախագահը որոշել է «հին կազմը» հավաքագրել և հետագայում համակարգել այդ շրջանառությունը, և տարբերակ երկրորդ, Գագիկ Խաչատրյանի «մարդկանց» այդ կազմը պետք է փոխարինվի նոր` սեփական կադրերով: Տարբերակների հավանականությունները հավասար են` 50/50:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, մի քանի տասնյակ ՊԵԿ աշխատակիցներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Խոսքը ինչպես միջին, այնպես էլ բարձր պաշտոններ զբաղեցնողների մասին է: Մի բան ակնհայտ է, որ այսպես կոչված ստվերային` «սև դրամարկղի» վերահսկողությունը, որը մինչև վերջերս իրականացնում էր Գագիկ Խաչատրյանը, այսուհետ իրականացնելու է Հովհաննես Հովսեփյանը: Իսկ դա շատ նուրբ գործ է, և կադրերի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է նոր «գլխավոր հաշվապահի» համար: Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Խաչատրյանի թիմի ամենաինֆորմացված ու ամենավստահելի անձին` ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին, որը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է:

Պետեկամուտների կոմիտեի, ապա նաև ֆինանսների նախարարության ներքին անցուդարձի նկատմամբ լիակատար վերահսկողությունը իրականացնում էր հենց այս, տպավորիչ աշխատակազմ եւ հսկայական լիազորություններ ունեցող վարչությունը: ՊԵԿ-ում վստահ են, որ հենց առաջիկա օրերին Կարեն Խաչատրյանը կազատվի այդ պաշտոնից, բնականաբար՝ «սեփական դիմումի» համաձայն», ֊ գրում է թերթը: