15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը պետք է արդարացվի։ Այս մասին մարտի 25-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստին հայտարարել են դանակահարությունից հետո հիվանդանոցում մահացած Դավիթ Հովակիմյանի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը և նրա փաստաբանը՝ Արմինե Ֆանյանը։
Վերջինիս խոսքով՝ դատարանում 4 առանցքային վկաների հարցաքննության արդյունքում Կունգորցևի մեղքը չի հաստատվել։ Հակոբ Հովակիմյանն էլ, իր հերթին, ասել է, որ Կունգորցևը, ում համար նախորդ նիստին դատախազը 9.5 տարվա ազատազրկում էր պահանջել, չպետք է նստի ուրիշի փոխարեն։
Մեղադրյալի պաշտպան Արայիկ Պապիկյանը, իր հերթին, նշել է, որ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի նախորդ դատական նիստին հնչեցրած ճառից տպավորություն է ստեղծվել, որ մեղադրողը տվյալ գործով դատարանում էր առաջին անգամ, և նա տեղյակ չէր, որ նախաքննության ավարտից անցել է 39 դատական նիստ, իսկ այն մեղադրանքը, որը բերվել էր դատարան, ամբողջությամբ հօդս է ցնդել: Պապիկյանը նույնպես ընդգծել է, որ նախաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքները, թե իրենք տեսել են Հովակիմյանի և Կունգորցևի վիճաբանության պահը և դանակով հարվածելը, չեն հաստատվել դատարանում։ Մասնավորապես, բազմաթիվ խնդրահարույց դրվագների շարքում Պապիկյանը նշել է, որ առանցքային վկաներից մեկը նախաքննական ցուցմունքում նշել է, որ Կունգորցևին «կզակով եմ ճանաչել», մինչդեռ դատարանում այն հարցին, թե որն է կզակը, կոկորդն է ցույց տվել։ Առանցքային վկաներից մյուսը դատարանում ուղղակիորեն հրաժարվել է նախաքննական ցուցմունքից՝ ասելով, որ հարվածելու պահը չի տեսել։
«Մեղադրական եզրակացության և մեղադրողի ճառի մեջ նշված ապացույցները կամ հանգամանքները ոչ միայն բավարար չեն, այլ դրանց մեծ մասը չեն համապատասխանում օրենքին կամ չեն վերաբերում սույն քրեական գործին: Դա նշանակում է, որ իմ պաշտպանյալին ներկայացված մեղադրանքն ակնհայտ անհիմն է», ֊ ասել է Պապիկյանը՝ արդարացման վճիռ պահանջելով։
Հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 6-ին։
Նշենք, որ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 62-ամյա բժիշկ Վլադիմիր Ղուկասյանը՝ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Կարեն Կունգորցև չի ընդունում իր մեղքը․ դատավարության ընթացքում մոտ 3 տանսյակ վկաներ հայտարարել են, որ չեն տեսել Կունգորցևին դեպքի վայրում։ Քննության սկզբում Կունգորցևը մեղադրվում էր սպանության մեջ, ապա նրա հոդվածը վերաորակավորվել է՝ փոխվելով սպանության փորձի։ Չնայած դրան, մեղադրյալը լիարժեք արդարացում է ակնկալում։