Գլխավոր / Տեսանյութեր / Հայրը տանջել է երեխաներին, սպանել կնոջը. դատարանը քննում է հանգուցյալի վարքը

Հայրը տանջել է երեխաներին, սպանել կնոջը. դատարանը քննում է հանգուցյալի վարքը

«Դու մեծ տղամարդ ես արդեն ու որ տեսնում ես, որ մի ադրբեջանցի մորդ հետ կապ ունի,  նորմա՞լ է էդ քեզ համար»: Նախկին կնոջը դանակի 30 հարվածով սպանած ամբաստանյալ Արտակ Առաքելյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստին այդ հարցն է տվել ամբաստանյալի անչափահաս որդուն՝ 14-ամյա Կարեն Առաքելյանին:

Միայն այն բանից հետո, երբ դահլիճում ներկա գտնվողները այդ և նման այլ հարցերը որակել են  որպես ռասիզմի և ազգային խտրականության դրսևորում, փաստաբանը մի պահ լռել է, ապա այլ հարց տվել:

Տղան մոտ երկու ժամ  տևած վկայության ժամանակ պատմել է, որ հայրը տարիներ շարունակ դաժան ծեծի է ենթարկել մորը՝ Հեղինե Դարբազյանին, իրեն և քրոջը:

«Լինում էր, որ անկյուն էր կանգնացնում գիշերը 3-4 ժամով, եղել ա, որ քույրիկի ուշքը գնացել, ընկել ա էդ անկյուն կանգնելուց: Պապան, եղել ա, նայել ա՝ ոնց ա իրա հերը ծեծում մորս, էդ վախտ էլ մամայի կույրաղիքը նոր էին վիրահատել: Մենք երբեք էլ պապայի հետ մոտ հարաբերություններ չենք ունեցել, ինքը մեզ արգելում էր շփվել մամայի հարազատների հետ: Անիմաստ կենցաղային, խանդի թեմաներով վիճում էր մամայի հետ», -ասել է Կարեն Առաքելյանը:

Անչափահաս վկան պատմել է նաև, որ հայրը և հոր ընտանիքը ցանկացել են մորը տեղափոխել հոգեբուժական հաստատություն՝ ընտանեկան անվերջ վեճերի պատաճառը համարելով մոր հոգեկան շեղումները:

Ինչպես նախորդ դատական նիստերին, այնպես էլ այս նիստին, վկաների հարցաքննությունը դատախազի, դատավորի և փաստաբանի կողմից տարվում էր մի առանցքի շուրջ՝ ի՞նչ կապ են ունեցել հանգուցյալը և Թուրքիայում ապրող ոմն առևտրական Նադիկը, ով, ինչպես դատարանում նշել է մեղադրվող կողմը, ազգությամբ ադրբեջանցի է:

Կարեն Առաքելյանի վկայությամբ՝ իրենց ընտանիքը այդ մարդու հետ ունեցել է սովորական առևտրային հարաբերություններ, և ինքը չի հիշում դեպք, երբ մայրը ավելի մոտ հարաբերություններ ունենա Նադիկի հետ: Տղան ասել է, որ Նադիկը երբեք Հայաստան չի եկել, իսկ մոր հետ առևտրի, ապրանք ուղարկելու հետ հարցերը քննարկել է Սկայպով:

Այսօրվա դատական նիստին գործի վկաներից մեկը՝ Գայանե Ամիրյանը, ով աշխատել է Դարբազյանի վարագույրների խանութի հարևանությամբ, գործի հետ կապված ուշագրավ մանրամասներ է հաղորդել:

Վերջինս հիշել է, որ սպանությունից հետո, երբ մեղադրյալը կանգնած է եղել դրսում, նրան «ջանասիրաբար» մեկն օգնել է:

«Կնոջը սպանելուց հետո, ինքը իրեն [նկատի ունի ամբաստանյալ Արտակ Առաքելյանին-խմբ.] էլ է մի քիչ վնասել: Երբ դուրս եկավ խանութից, բոլորը գոռգոռում էին վրեն, մեղադրում նրան, բայց մեկ էլ 20-ին մոտ մի տղա շատ ջանասիրաբար օգնում էր նրան, որ իր ձեռքից հոսող արյունը դադարեցնի: Տարօրինակ էր, որ նա էդքան մտածում էր էդ մարդասպանի մասին», — ասել է վկան՝ ենթադրելով, որ երիտասարդը դեպքի վայր էր եկել Արտակ Առաքելյանի հետ:

Ոստիկան Աստղիկ Թորոսյանը, նախորդ նիստին ելույթ ունեցած իր գործընկերոջ՝ Էդգար Կախեթյանի նման, շատ բան չի ասել: Նա հիշել է, սակայն, որ երբ իրենք դեպքի վայր են հասել, իր գործընկերը մտել և ստուգել է՝ արդյոք Հեղինե Դարբազյանը ողջ է և արդյոք հնարավոր է փրկել կնոջ կյանքը: Նշենք, սակայն, որ նախորդ նիստին Կախեթյանն ասել էր, որ ինքը չի մոտեցել Դարբազյանին, սպասել է մինչև շտապ օգնության մեքենան կմոտենար:

2015 թվականի սեպտեմբերի 27-ին 39-ամյա Արտակ Առաքելյանը որսորդական դանակով սպանել է 38-ամյա կնոջը՝ Հեղինե Դարբազյանին: Քրեական գործում նշված է, որ հանցագործությունը կատարվել է «ամուսնական անհավատարմության պատճառով»: