Ապրիլի 15-ին Վայոց ձորի և Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (Վայքի նստավայր) դատավոր Հենրիկ Դարբինյանի նախագահությամբ ընթացել են Խաչիկ գյուղի բնակիչներից 14֊ի դեմ թվով 6 դատական նիստերը: Նրանց դեմ բողոք է բերել «Ֆինքա» վարկային կազմակերպությունը՝ պահանջելով բռնագանձել չվճարված գումարը։
Վայոց ձորի Խաչիկ գյուղի տասնյակ բնակիչներ ընդհանուր առմամբ 100-ից 130 միլիոն դրամ պարտք ունեն «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպություններին։ Նպատակային գյուղատնտեսական վարկը բնակիչների անունով վերցրել են գյուղի խանութի սեփականատերեր ամուսինները՝ Ալվարդ Իսկանդարյանը և Արսեն Մնացականյանը, որոնք հետագայում դադարել են փակել այն։ Բնակիչները պնդում են՝ վարկային կազմակերպությունների մասնագետներն իմացել են, որ վարկը նպատակային չի օգտագործվելու և վերցվելու է գյուղի խանութպանների համար։
Գործի մանրամասները և տեսանյութը՝ այստեղ:
Վայքում կայացած դատական բոլոր նիստերը շատ կարճ են տևել և հետաձգվել են, քանի որ պատասխանող կողմից՝ Խաչիկ գյուղի բնակիչներից ոմանք, դատարանի դահլիճում հայտարարել են, որ ցանկանում են օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից:
«Ֆինքայի» ներկայացուցիչ Զարզանդ Հարությունյանը, սակայն, առարկել է պատասխանող Մարիամ Մելիքյանի՝ հանրային պաշտպան ունենալու պահանջին՝ պնդելով, որ այդ ցանկության մասին պատասխանողները նախորդ նիստերին կարող էին ասել:
Դատավոր Դարբինյանի խոսքով՝ նախորդ նիստերի ընթացքում ինքը պատասխանողներին պատշաճ կերպով հայտնել էր հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հնարավորության մասին, սակայն բնակիչները չեն պնդել, որ ցանկանում են հանրային պաշտպան ներգրավել: Այնուամենայնիվ, դատավորը բավարարել է բնակիչների պահանջը՝ հետաձգելով դատական նիստերը:
Epress.am-ի հետ զրույցում Խաչիկ գյուղի բնակիչ Սոֆիկ Աբրահամյանը, որը նույնպես որոշել է օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից, ասել է, թե ինքը իրականում չի հասկացել՝ ինչ է հանրային պաշտպանը:
«Ես էսքան վախտ գիտեի, թե էդ պաշտպանը փողով ա: Իսկ ես անապահով եմ, մի կերպ եմ ապրում վթարային տանը ու փող չունեմ պաշտպան վերցնելու: Ես ոչ մի բան չեմ հասկանում էս նիստերից, էդ տերմիններից: Ես ասում եմ՝ ինձ կպաշտպանեմ, բայց ես դատավորի հարցերը չեմ հասկանում։ Ինքնաբացարկը ինչ ա, ես ի՞նչ իմանամ: Մենակ էն եմ ասում, որ ես ոչ մի հնարավորություն չունեմ տալու էդ փողերը: Ինձ վրա անասուններ են գրանցել, որոնք ես չունեմ իրականում», – ասել է կինը:
Խաչիկի բնակիչներից ոմանց էլ Զարզանդ Հարությունյանը նիստերի ընթացքում առաջարկել է հաշտության եզրեր գտնել վարկային կազմակերպության հետ:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընկերության («Ֆինքա»-խմբ.) ղեկավարությունը պատրաստ է այն մարդկանց հետ, որոնք կպարտավորվեն վճարում անել, կրկին ընդառաջ գնալ, տույժը դադարեցնել: Այն հաճախորդները, որոնք պատրաստակամ են վճարումներ կատարել, սակայն ֆինանսապես հիմա չեն կարող համապատասխան չափով անել․․․ այս պահին մենք կարող են հաշտության եզրեր քննարկել», ֊ ասել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը:
Վերջինս նշել է նաև, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել նույն գործով անցնող այլ բնակիչների հետ՝ հաշտության առաջարկ անելով, սակայն նրանք հայտնել են, որ ընդհանրապես հնարավորություն չունեն մուծումներ անելու և հաշտության ոչ մի եզր չեն տեսնում: Ապրիլի 15֊ի նիստին մասնակցող պատասխանողներից Սոֆիկ Աբրահամյանը, Քնարիկ Սաղաթելյանը և Գալուստ Աբրահամյանը դատարանի դահլիճում համաձայնել են բանակցել հաշտության պայմանագրի շուրջ:
Պայմանագիրը քննարկելու և կնքելու համար այդ պատասխանողների հաջորդ նիստերը նշանակվել են մայիսի 5-ին: Այդ ընթացքում պատասխանողները նույնպես հնարավորություն կունենան դիմել հանրային պաշտպանի ծառայություններին:
Նիստի ավարտից հետո գյուղացիներից ոմանք կրկին բարձրացրել են կեղծ փաստաթղթերի հիման վրա վարկային պայմանագիր կնքելու թեման։ Մեզ հետ զրույցում նրանք ասել են, որ իրականում ոչ մի ունեցվածք չեն ունեցել, բայց նրանց անունով ունեցվածք են գրանցել:
«Ես անասուն չունեմ, ինձ Արսենը (խանութի սեփականատերը֊խմբ․) կանչել ա խանութ, ասել ա գրի` անասուն ունեմ, ու հիմա սարում ա ու գումարը վերցնում եմ խոտ բերելու համար: Ես էլ ասացի` ախր չունեմ, ո՞նց գրեմ, ասեց՝ չեն նայի», – պատմել է Սոֆիկ Աբրահամյանը:
Խաչիկի բնակիչներից Մարիամ Միքայելյանի պնդմամբ՝ վարկային աշխատողը եկել է իր տուն, բայց չի նայել՝ ինքը գոմում ինչքան անասուն ունի:
Epress.am-ի լրագրողի հետ զրույցում Զարզանդ Հարությունյանը հերքել է գյուղացիների պնդումները, թե շատ դեպքերում վարկային կազմակերպության աշխատակիցն առանց իրենց տուն այցելելու տնտեսության վերաբերյալ տվյալներ է գրանցել: Հարությունյանի խոսքով՝ նման աշխատակիցները, եթե իրոք եղել են, շատ լուրջ խնդիրներ կարող էին ունենալ:
«Գյուղացիները տեղեկանք են բերել, և մենք տեղեկացել ենք, թե ինչ ունեն նրանք. անասնաքանակը և այլն: Որպես կանոն, մեր վարկային մասնագետները միշտ այցելում են ու տեսնում, թե կա իրոք տնտեսություն: Ես համոզված եմ, որ մեր համապատասխան մասնագետները այցելել են, համոզվել և նոր միայն վարկը տվել են: Հավանաբար, դրանք գյուղապետարանից տրված տեղեկանքներ են», -ասել է Հարությունյանը: