Մայիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է անցկացրել «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում և աղմկալի չարաշահումներ բացահայտել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Դատախազությունը գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով):
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
Թերթը նաև մանրամասներ է ներկայացրել երեկ «Նուբարաշենում» անցկացված ստուգումների ընթացքից։ «Ժողովուրդ»-ին ահազանգած «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների հարազատները պատմել են, որ բանտարկյալներին իրենք դրսից ուտելիք, ծխախոտ և այլ իրեր են ուղարկում և այն պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, որը, ըստ ներքին չգրված կանոնադրության, պետք է «ցրեն», այսպես ասած, «զոն նայողները», սակայն ստուգողները դա արգելել են անել։
Դատապարտյալներից մեկն էլ թերթին պատմել է, թե ինչպես են իրենք արձագանքել արգելքին․ «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն», այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին և կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սննդի վրա և չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել և թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն և դուրս գցեն, ահավոր վիճակ էր: Մյուս դատապարտյալները հարվածում էին դռներին, չորս պատի մեջ էլ չեն թողնում հանգիստ ապրենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում