ՀՀ պաշտպանության նախարարությունում աղմկալի դեպք է տեղի ունեցել, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել։
Այսպիսով, ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են։ Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա և չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»։ Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» և իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է։ Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է։ Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ-որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում», ֊ գրում է թերթը։
«Ժողովուրդ»֊ի պնդմամբ՝ Խաչատրյանի հարազատներն ասել են, որ իրենց ազգականի դեմ մեղադրանք սարքելու գործով Սերգեյ Հայրապետովը անձամբ է զբաղվել։ Թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը, որը այս տարվա մարտի 15-ին 5 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է, պատմել է քննիչներին, որ Սերգեյ Հայրապետովը անձամբ է իրեն հայհոյել, սպառնացել, հարվածել՝ ստիպելով ցուցմունք տալ Խաչատրյանի դեմ։ Ընդ որում, ծեծի գործընթացը ծավալվել Է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության շենքում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում