Home / Հայաստան / Գյումրու քաղաքապետարանը 1 միլիոնի հրավառություն է անելու Հռոմի պապի համար․ «ՀԺ»

Գյումրու քաղաքապետարանը 1 միլիոնի հրավառություն է անելու Հռոմի պապի համար․ «ՀԺ»

Գյումրու քաղաքապետարանը 1 միլիոն դրամ կտրամադրի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի առթիվ հրավառություն կազամակերպելու համար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հավելելով, որ Պապի այցի կապակցությամբ Գյումրին ծրագրել է ծախսել ընդհանուր առմամբ 6 միլիոն դրամ։

Թերթի հաղորդմամբ՝ Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգում Պապի այցի հետ կապված 2 որոշման նախագիծ կա։ Մեկով նախատեսվում է Գյումրիի 2016 թվականի բյուջեից «Այլ ծախսեր» հոդվածով Հռոմի պապի՝ Գյումրի այցի նպատակով 2 միլիոն դրամ հատկացնել, որից կեսը նախատեսվում է հրավառության համար, մյուս կեսը՝ կազմակերպչական աշխատանքներ կազմակերպելու համար։

Քաղաքապետարանի վարչությունից, թերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ այդ գումարով պաստառներ և դրոշներ են պատրաստելու, իսկ հրավառության վերաբերյալ մանրամասներ չեն ցանկացել տրամադրել։

Գյումրի ավագանու հաջորդ որոշման նախագիծը վերաբերում է Պապի այցի առիթով Գյումրիի ճանապարհների բարեկարգմանը։ Այդ նպատակով նախատեսվում է տրամադրել 4 միլիոն դրամ և դա հիմնավորում է այսպես․ «2016 թվականի հունիսի 25-ին Գյումրի է ժամանելու Հռոմի Պապը։ Անհրաժեշտ է արագ կարգով գծանշել համայնքի փողոցները և նախատեսվող երթուղու երկարությամբ տեղադրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները։ Օրենքով սահմանված կարգով գնումների մրցույթ հայտարարելու դեպքում հնարավոր չէ մինչև Պապի ժամանելն իրականացնել պահանջվող աշխատանքները, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել գնումները կատարել բանակցային ընթացակարգի կիրառմամաբ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով»։

Թերթը ընդգծում է, որ Հռոմի պապի՝ Հայաստան այցի մասին առաջին պաշտոնական տեղեկությունը հրապարակվել է դեռ ապրիլի 9-ին ՝ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից։ Մինչև այդ, սակայն, շարունակ խոսվում էր, որ Պապն այս տարի Հայաստան է այցելելու։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում