Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Ներսես Պողոսյանը Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի տվել։ Նման հայտարարությամբ այսօր հանդես են եկել Ներսես Պողոսյանի պաշտպաններ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը։
«Հելսինկյան ասոցիացիայի» տեսանյութում Պապիկյանն ընդգծում է, որ երեկ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են նաև Ներսես Պողոսյանի տված ցուցմուքնի հիման վրա, չի համապատասխանում իրականությանը․ «Նա ո՛չ Սեֆիլյանին, ո՛չ էլ մյուս ձերբակալվածների վերաբերյալ ցուցմունք չի տվել, քանի որ մինչ օրս հրաժարվել է ցուցմունքներ տալուց և մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Նինա Կարապետյանցը նշել է, որ նման տեղեկություն տարածելու միայն 3 աղբյուր գոյություն ուներ՝ ձերբակալված մեղադրյալները, ՀՀ Քննչական կոմիտեն և փաստաբանները․ «Մեղադրյալները չէին կարող տեղեկություն տարածել, քանի որ մեկուսացված են և զրկված են կապի բոլոր միջոցներից, փաստաբաները նման տեղեկություն չեն տարածել, քանի որ հասկանում են, որ գործողության գաղտնիության հետ խնդիր ունեն։ Մնում է միայն Քննչական կոմիտեն։ Ես ենթադրում եմ, որ Քննչական կոմիտեի միակ նպատակը եղել է «փչացնել» Ներսես Պողոսյանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է համագործակցել է իրավապահ մարմինների հետ։ Սա մեր պաշտպանյալին ընկճելու տարբերակներից մեկն է, որը վաղուց ընդունված երևույթ է»։
Պապիկյանն ընդգծել է, որ Պողոսյանը չի համագործակցում նախաքննական մարմնի հետ, քանի որ ամբողջությամբ հերքում է առաջադրված մեղադրանքը և համոզված է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է։
Նշենք, որ հունիսի 20-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հոդվածը նախատեսում է 2-ից 6 տարվա ազատազրկում։ Համաձայն Քննչական կոմիտեի, Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Սեֆիլյանն իր ձերբակալությունը որակում է որպես քաղաքական հետապնդում։ Քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 8 անձ, որոնց թվում է նաև Ներսես Պողոսյանը։