Գլխավոր / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես էին մարդկանց բերման ենթարկում Խորենացի փողոցից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես էին մարդկանց բերման ենթարկում Խորենացի փողոցից

14:30-ի սահմաններում Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի դիմաց, որտեղ արդեն 2-րդ օրն է ոստիկանները փակել են դեպի Էրեբունի համայնքի գրավված ՊՊԾ գունդ տանող ճանապարհը, ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել 3 աղջիկների՝ Անուշիկ Հորությունյանին, Էլմոնե և Սիմոնե Եղնուկյաններին և մեկ երիտասարդի (անունը դեռևս հայտնի չէ)` պաստառ պատրաստելու համար։ Երիտասարդները պաստառի վրա գրում էին ՝ «Էլ ելք չկա»։

Ոստիկանները չեն պարզաբանել՝ ինչու են բաժին տանում նրանց: Էլմոնե և Սիմոնե Եղնուկյանի հայրը՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանները թիրախավորված են եկել և, առաջին հերթին, իր երկու աղջիկների վրա են հարձակվել. «Առանց խոսքի հարձակվեցին երկու աղջիկներիս վրա, կողքին մի քանի ընկերներ էլ կաին, նրանց էլ ձեռի հետ տարան, որ չասենք մենակ Եղնուկյանի աղջիկներին են տարել»:

Քիչ անց ոստիկանները սկսել են բերման ենթարկելու գործողության երկրորդ ալիքը: Տարածքից առանց բացատրությունների սկսել են հանգիստ կանգնած մարդկանց բերման ենթարկել: Մասնավորապես, ոստիկանական մեքենա են մտցրել Կարո Եղնուկյանին, ինչպես նաև Անտոն Իվչենկոյին, ով ձեռնափայտերով կանգնած հետևում էր իրադարձություններին, և Մաքսիմ Սարգսյանին: Բերման են ենթարկել նաև այս պահին ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Վարուժան Ավետիսյանի կնոջն ու դստերը:

Տեսանյութում՝ բերման ենթարկելու գործողության երկրորդ ալիքը