2015 թվականի սեպտեմբերին նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին, դանակի 30 հարվածով սպանած 39-ամյա Արտակ Առաքելյանը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։ Նախկին կնոջ թաղման ծախսերը հոգալու համար Առաքելյանը պարտավոր է նաև վճարել 1միլիոն 600 հազար դրամ։ Վճիռը հրապարակվել է երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։
Քրեական գործում նախապես արձանագրված էր՝ «սպանությունը կատարվել է ամուսնական անհավատարմության պատճառով»։ Նախորդ դատական նիստերի ընթացքում՝ դատախազ Հակոբ Ենոքյանի, դատավոր Ռոբերտ Պապոյանի և մեղադրյալի նախկին պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի (Առաքելյանը դատավարության ընթացքում հրաժավեց իր հանրային պաշտպանից֊խմբ․) կողմից քննվում էր հանգուցյալի վարքը՝ արդյոք կինը կապ է ունեցել «ոմն թուրք» առևտրական Նադիկի հետ, թե ոչ։ Տուժողի իրավահաջորդ Քրիստինե Դարբազյանի (հանգուցյալի քույրն է) ներկայացուցիչը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը թե՛ դատական նիստերին, թե՛ լրագրողների հետ զրույցում պնդում էր՝ «ամուսնական անհավատարմության» վարկածը առաջ է քաշվում որպես մեղմացնող հանգամանք։
Մեղադրող կողմը, սակայն, դատավարության ընթացքում «ամուսնական անհավատարմությունը» հաստատող բավարար ապացույցներ չի գտել։ Նախավերջին դատական նիստին դատախազ Ենոքյանը միջնորդություն է ներկայացրել մեղադրանքից հանել «ամուսնական դավաճանության» կետը։ Երեկվա դատական նիստին դատավորը հաստատել է Ենոքյանի միջնորդությունը։
Իր ճառում դատախազը նշել է, որ ճիշտ է՝ հաստատվել է, որ ամուսնական դավաճանություն չի եղել, բայց եթե անգամ եղած լիներ, դա որևէ դեպքում չի կարող դատարանի կողմից ընդունվել որպես մեղմացուցիչ հանգամանք վճիռը կայացնելիս։ Բացի դա, Առաքելյանի՝ անչափահաս երկու երեխաներ ունենալու հանգամանքը, համաձայն դատախազի, նույնպես չի կարող մեղմացուցիչ հանգամանք համարվել, քանի որ երեխաները Առաքելյանի խնամակալության տակ չեն:
Չնայած այն բանին, որ նախորդ դատական նիստերի ժամանակ սպանությանը վկա անձինք նկարագրել էին, թե ինչ դաժանությամբ է Առաքելյանը սպանել կնոջը՝ դատախազը առաջարկել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Առաքելյանին՝ մեղադրելով 104-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը)։
Սեդա Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ առաջադրված մեղադրանքը մեղմ է, որովհետև սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ: Ըստ փաստաբանի՝ Առաքելյանը պետք է դատվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձնական դաժանությամբ սպանություն), ինչը ենթադրում է 12-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում, մինչդեռ նույն հոդվածի առաջին կետը ենթադրում է 8-ից 15 տարվա ազատազրկում։
Բացի դա, իր ճառում Սաֆարյանը նշել է, որ սպանության մեջ կա կանխամտածվածություն, շահադիտական նպատակներ և տուժողի արժանապատվության ստորացմանն ուղղված միտումներ, որոնք միանշանակ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության տարրեր են:
«Հեղինե Դարբազյանի մահից հետո նրա բարոյականության վրա ստվեր գցելով սեփական պատժի չափը մեղմացնելու շահադիտությունը՝ պետք է ևս համարվի որպես պատիժը ծանրացնող հանգամանք ամբաստանյալի համար»,- նշել է Սաֆարյանը։
Դատավոր Պապոյանը, լսելով կողմերին, կես տարով նվազեցրել է դատախազի պահանջած պատժաչափը։