ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը (Մովսես Հակոբյան), լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։
Նա կոչ է արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին պարզաբանել, թե արդյոք դա կոռուպցիայի երևույթ է։ Armtimes.com-ը խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն է զրուցել Վահան Բադասյանի հետ։
– Պարոն Բադասյան, ԳՇ պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ գրառումը ձե՞ր բացահայտումն է:
– Սա բացահայտում չէ. ովքեր այս ոլորտում աշխատում են՝ նրանք գիտեն դա: Դա միակը չէ Մովսես Հակոբյանի և նրա շրջապատի չարաշահումներից: ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:
– Ինչպե՞ս է կոչվում Մովսես Հակոբյանին պատկանող ընկերությունը, որ ցորեն է գնում ՊՆ-ի համար:
– «Սիփան» ընկերությունն է, որի հիմնադիրն ինքն է, տնօրենը՝ նրա եղբայրը: Բոլորը գիտեն, որ Մոսին հաց է թխում և ապահովում մի քանի զորամասերի: Ղարաբաղում կա «Էռմի» ալրաղացը, ունի մի քանի աշխատող, վճարում է հարկեր, աշխատում է վնասով, Արցախի կառավարության հորդորով գյուղացիներից գնումներ է կատարում շուկայականից բարձր գներով, որ պարզապես գյուղացիները չհիասթափվեն: Մինչդեռ Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տալիս, անորակ ալյուր է մատակարարում և այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում: Օրինակ, անցած տարի ցորենի շուկայական գինը 120 դրամ էր, ինքը պայմանագիրը կնքել էր 150 դրամով և 1000 տոննայից ավելի ցորեն էր գնել: Ստացվում է, որ 30 միլիոն դրամ մնաց իր հաշվեհամարում, մյուսները չեմ ասում: Այս տարի նմանապես:
– Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք այս մասին բարձրաձայնել:
– Ես հիմա դա վարչապետի համար եմ ասում. դպրոցներում մոր և աղջկա աշխատելու վերաբերյալ նրա հայտարարությունից տպավորություն է, որ եթե առաջնագծում զինվոր է զոհվում կամ մենք ունենք տնտեսական բացթողումներ, դրա պատճառն այն է, որ դպրոցում մայր ու աղջիկ աշխատում են: Դա ոչ թե ծիծաղելու, այլ զայրանալու երևույթ է: Նորանշանակ վարչապետը, որ հույս է ներշնչում ժողովրդի մեջ, այդպես է մտածում: Ժողովուրդը կոպեկ-կոպեկ փող է հավաքում, բանակին տալիս, բայց բանակը փողերը քամուն է տալիս հանուն բարձրաստիճան գեներալների հարստացման: Ու հիմա ինչը թողած՝ ինչ է հայտարարում:
Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն և ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երևո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին: Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը: Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը: Օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, և բանակը իրեն նվեր է տվել այդ տունը: Միայն այդ փաստը բավարար է, որ դատախազությունը քրեական գործ հարուցի և անհապաղ ազատությունից զրկի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և Մովսես Հակոբյանին, էլ մյուս հանցակիցներին չեմ ասում:
– Ըստ ձեզ, այս ամենն իշխանությունները չգիտե՞ն, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկում:
– Այս տեղեկություններն իշխանություններին ոչ միայն հասու են, այլև համոզված եմ, որ Մովսես Հակոբյանը չէր կարող առանց Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի գիտության դա անել: Փաստացի բոլորը գիտեն, որ հացի մատակարարման գործը իրենն է: Բացի նրանից բանակի հացի գործն անում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի կազմակերպությունը: Տեսեք, իրենք հաց են թխում, չէ՞, գեներալներ չեն: Եվ պատերազմը ցույց տվեց դա: Հիմա այդ մարդկանց վերջը ե՞րբ է գալու: Այսինքն, ես գիտեմ՝ երբ է գալու, բայց այս վարչապետի միջոցով չի գալու: Ես սա ասում եմ, որ ժողովուրդը հույսով չլինի այս վարչապետից, այս կառավարությունից:
– Չե՞ք հավատում, որ Կարեն Կարապետյանը կարող է հասնել նրան, որ նմանատիպ չարաշահումներ անողները, այդ թվում՝ Մովսես Հակոբյանը, եթե նա իրոք չարաշահումներ է արել, պատժվի:
– Ոչ: Իշխանությունները հակված են Մովսես Հակոբյանին և նրա նմաններին բուծելու: