Home / Հայաստան / «Սասնա ծռերի» անդամներից մեկին նաև սպանության մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռերի» անդամներից մեկին նաև սպանության մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանքը լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեփանոսյանի սպանության համար:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյան։

Նշենք, որ Տեփանոսյանի մահվանից հետո ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ ոստիկանը սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակած դիպուկահարի կրակոցից՝ գտնվելով 350-400 մետր հեռավորության վրա՝ ավտոմեքենայի մեջ:

Ի հակադրություն ոստիկանության ներկայացուցչի, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հավաստիացրել էր, որ այդ վայրն իրենց համար տեսանելի չէ և ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց ոստիկանների դիպուկահարի աջուձախ արձակած կրակոցից։

Մինչև սպանության հոդվածն ավելացնելը, Բարսեղյանը մեղադրվում էր նաև կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով զենք/զինամթերք հափշտակելու մեջ։

Հայկ Ալումյանի հավաստմամբ՝ Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը «Սասնա ծռեր» խմբի կազմում այս տարվա հուլիսի 17-ին մուտք էր գործել Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Խմբի անդամները զենքերը վայր են դրել հուլիսի 31-ին։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սմբատ Բարսեղյանը նաև հացադուլ է արել՝ պահանջելով պատշաճ բուշօգնություն ապահովել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների համար և տեղափոխել նրանց քաղաքացիական հիվանդանոցներ։