Home / Դատարան / Տուժողին դարձրին մեղադրյալ․ Գևորգ Սաֆարյանին երկու տարի տվեցին

Տուժողին դարձրին մեղադրյալ․ Գևորգ Սաֆարյանին երկու տարի տվեցին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) և դատապարտել 2 տարի ազատազրկման։

Մինչև վճիռը լրագրողների հետ զրույցում Գևորգ Սաֆարյանը նշել է, որ ինքն արդարացման չի սպասում և համոզված է, որ նիստից հետո ինքը կրկին ուղղվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Այսօր իր վերջին ճառի ընթացքում Սաֆարյանը ներկայացրել է գործի շրջանակներում վկայություն տված ոստիկանների ցուցմունքների հակասությունները։ Նա նշել է, որ ոչ մի փաստ չկա, թե ինքը հարվածել է գործով որպես տուժող Գեղամ Խաչատրյանին և դատախազը, խախտելով բոլոր իրավաբանական կանոնները և մարդու անմեղության կանխավարկածի օրենքը, առանց մեղքն ապացուցելու հաստատել է, որ ինքը մեղավոր է։ Նշենք, որ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Սաֆարյանի համար 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել։

Սաֆարյանն անդրադարձել է դատախազի այն հայտարարությանը, թե պատասխանող կողմի հրավիրած վկաների ցուցմուքները չի կարելի որպես փաստ ընդունել, քանի որ նրանք պաշտպանել են իրենց ընկերոջը և չէին կարող օբյեկտիվ լինել։

«Այդ դեպքում այդ ոստիկանները, որոնք աշխատում են Գեղամ Խաչատրյանի ենթակայության տակ, ինչպե՞ս կարող են արժանահավատ ցուցմունքներ տալ։ Կամ էլ, եթե այդ քաղաքացիները անարժանահավատ ցուցմունքներ են տվել, ինչու նրանց դեմ քրեական գործ չի հարուցվել», – նիստի ժամանակ ասել է Գևորգ Սաֆարյանը։

Թվելով գործով վկա անցնող ոստիկանների ցուցմունքները՝ նա նշել է, որ, օրինակ, Պավել Գաբրիելյանը և Արթուր Հեքիմյանն ակնհայտ հորինված ցուցմունքներ են տվել․ «Նախաքնական ցուցմունքների մեջ նրանք ասել էին, որ նախ մոտեցել են մեզ և ներկայանալուց հետո շնորհավորել են Նոր տարին, սակայն ձայնագրության մեջ հստակ երևում է, որ նման բան չի եղել։

Բացի դա, բոլոր ոստիկանները վստահորեն պնդում են, որ տեսել են Գեղամ Խաչատրյանի աչքի վնասվածքը և այն այտուցված էր, ուռած էր, փուչիկ էր դառել ու արնահոսում էր, իսկ տեսաձայնագրության մեջ հստակորեն երևում է, որ Գեղամ Խաչատրյանն առանց վնասվածքի քայլում է դեպքի վայրում»։

Սաֆարյանը նաև նշել է, որ գրեթե բոլոր ոստիկանների ցուցմունքները հակասում է նրանց տված նախաքննական ցուցմունքնին։

Նա նաև ընդգծեց, որ Գեղամ Խաչատրյանն ինքն է դատարանի դահլիճում խոստովանել, որ քաղաքացիների բոլոր հայհոյանքներին եռապատիկ պատասխանել է։ Դատախազը հակադարձել է, թե Խաչատրյանի այս վկայությունը պարզապես պոռթկում է եղել դատարանի դահլիճում և պետք չէ դա որպես փաստ ընդունել, քանի որ նման բան չի եղել։

Սաֆարյանը, իր հերթին, նշել է, որ համոզված է՝ իր փոխարեն դատապարտյալի աթոռին պետք է նստեր Գեղամ Խաչատրյանը, քանի որ ի տարբերություն իրեն, ոստիկանը բազմաթիվ հարվածներ է հասցրել թե՛ իրեն, թե՛ մյուս քաղաքացիներին․ «Տուժողին դարձրին մեղադրյալ, մեղադրյալին դարձրին տուժող․․․»։

Հիշեցնենք, որ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը 2016 թվականի հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրել էին ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: