Home / Առողջապահություն / Ապրիլին հաշմանդամություն ձեռք բերած զինվորն անուշադրության է մատնված․ aravot.am

Ապրիլին հաշմանդամություն ձեռք բերած զինվորն անուշադրության է մատնված․ aravot.am

Ապրիլյան քառօրյայի ժամանակ վիրավորված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայող Ռոլանդ Սահակյանն անուշադրության է մատնվել․ նրան Պաշտպանության նախարարությունից ոչ մի օգնություն չեն ցուցաբերում։ Ռոլանդի և նրա ընտանիքի հետ խոսել է Aravot.am-ը։

«Արդեն 11 ամիս է՝ պառկած եմ հիվանդանոցում, անտեսված եմ պետության կողմից: Շատ բան են խոսք տվել, իրենց խոսքի տերը չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ սենց մինչև ե՞րբ, մինչեւ ո՞ւր, ինչքա՞ն է շարունակվելու»,- Պաշտպանության նախարարին նման հարցադրումներ է արել Թալիշում վիրավորված Սահակյանը, որն արտերկրում բուժման կարիք ունի ու, իր խոսքով, դա որևէ մեկին չի մտահոգում:

Ռոլանդն արդեն 12 վիրահատություն է տարել, վնասված է ողնաշարը, հույս ունի, արտերկրում վերականգնողական կուրսերից հետո գոնե ոտքը կկարողանա գետնին դնել: Կայքի հարցին՝ ինչո՞ւ ես զգում, որ անտարբերություն կա քո նկատմամբ՝ նա պատասխանել է. «Չեն հետաքրքրվում, չեն գալիս հարցնում՝ ոնց ենք, ոնց չենք: Արդեն 11 ամիս է՝ գամված եմ անկողնուն, պետության կողմից անտեսված եմ, ոչ մի աջակցություն չունեմ: Ապրիլին վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, Սեյրան Օհանյանը եկավ, ասեց, որ ոչ մի բանի կարիք չենք ունենա, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ մի բանով էլ պետությունը մեզ չի օգնում»:

«Սեպտեմբերի 21֊ը եղավ ու Անկախության այդ օրը նաև Ռոլանդի ծնունդն էր՝ ոչ մի բան ՊՆ-ից չարեցին, չհիշեցին իրենց զինվորին, Բանակի օրն էլ ոչ մի բան ու որդիս առաջին կարգի հաշմանդամ է դարձել», ֊ վիրավորված ասել է երիտասարդի մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը:

Հոր՝ Քաջիկի խոսքերով՝ 90 հազար դրամ թոշակ է ստանում. «90 հազարով ես այս երեխային ո՞նց պահեմ։ Էդ ի՞նչ գումար է, որ տալիս են, մենք ծնող ենք, ամբողջ ամառ այստեղ ենք եղել՝ հիվանդանոցում ու չենք կարողանում աշխատել: Էսօր ուրիշից եմ պարտք անում, որովհետև գումար է պետք հոսպիտալում, շաբաթը 80-100 հազար դրամ եմ ծախսում՝ ծնունդ է, պամպերս է, էլ մենք ի վիճակի չենք… Վիրավորված եմ: Սեպտեմբերի 21-ին թող մի հատ քաղցր վերցնեին, ասեին՝ Անկախության տոնն է, երեխուն շնորհավորենք, մի հատ էլ մենք դուխ տանք: Եկավ բանակի օրը…Ոչ մեկը մեզ չի հիշել: Եկել է մենակ Անահիտ Բախշյանը, շատ շնորհակալ ենք մենք իրենից իր ամեն աջակցության համար: Բա զինվոր ունեք, չգա՞ք մի հատ դուք ասեք՝ մալադեց, որ այս ձևի հայրենիք եք պահում, հպարտանում ենք ձեզանով: Այսօր մենք ենք մեր երեխով հպարտանում, ոչ թե իրենք»:

Լրագրողի հարցին՝ եթե գոնե սեպտեմբերի 21-ին, հունվարի 28-ին Ռոլանդին մեդալ տային, պարգևատրեին, դա ձեզ կգոհացնե՞ր՝ հարազատներն արձագանքել են՝ մեզ ոչինչ հետաքրքիր չէ. «Այսօր մեր երեխեն գոնե կարողանա իր այս ոտքը մի քիչ գոնե բարձրացնի: 11 ամիս է՝ սայլակի վրա է, պառկելախոցով էլ հենց հիմա տառապում է»:

«Չեմ ուզում, էդ մեդալը թող պահեն իրանց, ուղղակի որպես խնդրանք՝ թող ինձ հանեն ոտքի: Ես այսօր խնդրում եմ, բայց մյուս անգամ համ ասելու եմ, համ պահանջելու եմ, համ էլ հայհոյելու եմ», ֊ ասել է Ռոլանդ Սահակյանը: