Home / Հայաստան / Լրագրողի ներկայացրած փաստերը բավարար չեն ՀՀԿ֊ի դեմ դատարան դիմելու համար, վճռել է ԿԸՀ֊ն

Լրագրողի ներկայացրած փաստերը բավարար չեն ՀՀԿ֊ի դեմ դատարան դիմելու համար, վճռել է ԿԸՀ֊ն

Մայիսի 12-ին Կենտրոնական ընտրանական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքի դիմումը։ «Ելքը» պահանջում էր, որպեսզի ԿԸՀ֊ն դիմի դատարան՝ ընտրությունների մասնակից Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցով։ Դիմումի հիմք էր հանդիսացել գործող ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք և քվեաթերթիկներ բաժանելը արձանագրած լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Աննա Զախարյանի բացահայտումները։

Դիմող կողմը Զախարյանին հրավիրել էր որպես վկա, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փորձում էր թույլ չտալ «Ելք»֊ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին հարցեր տալ լրագրողին։

«Մենք արդեն լսեցինք հարցերը, որոնք անհրաժեշտ էին», ֊ ասել է Մուկուչյանը։

Զեյնալյանի պնդումներից հետո, ԿԸՀ նախագահը, այնուամենայնիվ, համաձայնել է խոսք տալ դիմողին, որը ներկայացրել է տեղի ունեցածը։

Մուկուչյանն ասել է, որ որպես երրորդ անձ ներգրավված ՀՀԿ ներկայացուցիչը ընդունում է, որ իրենց շտաբում եղել են քվեաթերթիկի նմուշները, բայց ոչ քվեաթերթրիկներ։ ԿԸՀ նախագահն այդ նմուշներից մեկը ցույց է տվել վկա լրագրողին։

«Ճիշտն ասած, իմ տպավորությամբ այդպես փայլաթուղթ չէր», ֊ ասել է Աննա Զախարյանը։

ՀՀԿ֊ի օգտին որոշում կայացնելով՝ Մուկուչյանը հայտարարել է, որ Աննա Զախարյանի հրապարակած տեսանյութում ԿԸՀ անդամները չեն տեսել որևէ փաստական ապացույց, որը հիմք կհանդիսանար հանձնաժողովի համար եզրակացնել, թե ՀՀԿ շտաբում բաժանվել են ԿԸՀ֊ի կողմից պատվիրված քվեաթերթիկներից և ընտրակաշառք։