Home / Դատարան / «Ոստիկանությունը չաստնի ախրանա չի»․ իրավապահները չեն կարող կնոջը պաշտպանել ամուսնուց

«Ոստիկանությունը չաստնի ախրանա չի»․ իրավապահները չեն կարող կնոջը պաշտպանել ամուսնուց

Ամուսնալուծության և երեխաների խնամակալության գործով երեկվա նիստից հետո ամուսնալուծվող Նաիրա Սմբատյանի ամուսինը՝ Արա Խաչատրյանը, իր մեքենայով փակել է Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից հեռացող Նաիրայի և նրա պաշտպանների ճանապարհը։ Կինը զանգահարել է ոստիկանություն։ Մոտ 40 րոպե հետո դեպքի վայր են ժամանել սակայն, ոչ թե կնոջ ահազանգով կանչված ոստիկանները, այլ ամուսնու ահազանգով կանչված Վեցերորդ վարչության հետախույզները։

Արա Խաչատրյան

Վերջիններս, Նաիրայի խոսքով, այնպես էին հարձակվել իրենց մեքենայի վրա, որ իրենք փակել են տաքսիի պատուհաններն ու կողպել դռները։

«Նրանք ասում էին, որ ես հետախուզվում եմ, և փորձում էին բացել դռները։ Ես կորած չեմ, ես ուղղակի հեռացել եմ իմ ամուսնուց, քանի որ պարբերաբար ֆիզիկական և ավելի կարևոր է՝ հոգեբանական բռնության էի ենթարկվում։ Ես հեռացել եմ նրանից հունվարի 4-ին, վերադարձել եմ իմ հայրական տուն։ Ամուսինս մի քանի անգամ հարձակումներ է գործել նաև իմ հայրական տան վրա»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Նաիրիա Սմբատյանը։

Քանի որ Սմբատյանը և նրան աջակցող կանայք հրաժարվել են դուրս գալ մեքենայից, ոստիկանները սկսել են զանգել իրենց վերադասներին։

«Նրանք հեռախոսը փոխանցեցին իմ նախկին ամուսնուն, ու նա երկար ժամանակ խոսում էր հեռախոսով»,֊ ասում է Նաիրան։

Ոստիկանները համոզել են բոլորին դատարանից գնալ Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Ոստիկանությունում Նաիրան և նրան աջակցող «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ֊ի անդամները ցուցմունք են տվել։ Արա Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ և իր մեքենայով կանգնել է ոստիկանության առջև։ Նաիրան ոստիկաններին ասել է, որ, հաշվի առնելով ամուսնու կողմից նախկին հարձակումները, ինքը խնդրում է իր և իր պաշտպանների անվտանգությունն ապահովել։ Ոստիկաններից մեկը զայրացել է և ասել․ «Ոստիկանությունը չաստնի ախրանա չի»։

Նա նաև նշել է, որ տեղյակ է, որ ամուսինը դարանակալել է շենքի դիմաց, բայց այդ պահին իրենք ոչինչ չեն կարող անել։

«Նա ունի ազատ տեղաշարժման իրավունք», ֊ Epress.am֊ի լրագրողին պարզաբանել ոստիկանը։

Մալաթիայի ոստիկանության բաժնի պետն, իր հերթին, ասել է, որ օրենքը չի նախատեսում որևէ մեխանիզմ Նաիրային պաշտպանելու, բայց ինքը իր նախաձեռնությամբ կարող է մեքենա տրամադրել՝ ոստիկանության ետնամուտքով Նաիրային հեռացնելու համար։ Կինը համաձայնել է այդպես հեռանալ։

«Ես վախենում եմ։ Այլևս դատական նիստերի էլ չեմ գնալու։ Իմ փաստաբաններին լիազորել եմ, իրենք ինձ կներկայացնեն»,֊ մեզ հետ զրույցում նշել է Նաիրան։

Մեր զրուցակիցն ասում է, որ ոստիկանների պահվածքն իր համար անսպասելի չէ։ Մի քանի ամիս առաջ ինքը հաղորդում էր տվել ֆիզիական բռնության ենթարկվելու մասին։ Արաբկիրի բաժնում գործը քննվել էր, իր վնասվածքները ապացուցված են համարվել, սակայն քննիչը գործը կարճել է՝ այն հիմքով, թե հայտնի չէ՝ ով է Նաիրիային ծեծել։ Այս գործով Նաիրիա Սմբատյանին պաշտպանող փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշել է․ «Դա աբսուրդ է։ Ընտանեկան գործ է, որևէ անձ չէր կարող տանը ծեծել Նաիրային, բացի իր ամուսնուց։ Այն հիմքով, թե մեղավորը չի հայտնաբերվել, գործը չէր կարող կարճվել։ Մենք բողոքարկել ենք այդ որոշումն Առաջին ատյանի դատարանում»։

Նաիրա Սմբատյանը նաև դժգոհ է նրանից, թե ինչպես է քննվել իր հոր տան վրա հարձակումը։

«Իմ ամուսինը հարձակվել է մեր տան վրա։ Ոստիկանները միայն գույքային վնասի վրա են ուշադրություն դարձրել՝ արհամարելով միտումը»,֊ ասել է նա։