Home / Բանակ / Բանակում 2 զինվոր է մահացել, կան ձերբակալվածներ. Տարվա սկզբից զոհերի թիվը՝ 48

Բանակում 2 զինվոր է մահացել, կան ձերբակալվածներ. Տարվա սկզբից զոհերի թիվը՝ 48

Հոկտեմբերի 20-ին զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի երկու զինծառայողներ՝ 19-ամյա Արամ Խաչատրյանը և 20-ամյա Հրաչ Ավետիսյանը, սակայն պաշտոնական աղբյուրները հստակ չեն հայտնում տեղի ունեցածի բոլոր մանրամասները։

Դեպքի մասին առաջինը հաղորդագրություն էր տարածել Արցախի Պաշտպանության նախարարությունը՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ Խաչատրյանը և Ավետիսյանը «նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում են ստացել»։

Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հաղորդել Խաչատրյանի սպանության մասին։ Մասնավորապես, պաշտոնական աղբյուրը ընդգծում է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

«…Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Խաչատրյանը սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից մյուս զինվորի՝ Հրաչ Ավետիսյանի մահվան որոշ հանգամանքների մասին հայտնել են News.am-ին։

«Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ականատես վկաներ։ Զինծառայող Ավետիսյանը զինակիցների կողմից անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է», ֊ կայքին փոխանցել են Քննչական կոմիտեից:

Պաշտոնական մարմինը նշում է, որ պարզել է, թե դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և իր նկատմամբ բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող․ «Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային»։

Aravot.am-ը զրուցել է Վայոց Ձորի Ռինդ համայնքի գյուղապետ Հուսիկ Սահակյանի հետ, որը պատմել է սպանված համագյուղացի Արամ Խաչատրյանի մասին։ Համայնքապետի բնորոշմամբ՝ Խաչատրյանը խելոք տղա էր․ «Առայժմ որևէ կոնկրետ բան հայտնի չէ, քննիչները զբաղվում են, մեզ համար էլ է անչափ հետաքրքիր պատճառը։ Հուսով եմ, որ անաչառ քննություն կտարվի: Երեկվանից Արամի հարազատների կողքին եմ, մի քիչ առաջ են բերել Երևանից, ամբողջ գյուղը սգում է, հրաշալի, աշխատող երեխա էր: Հրազենային վնասվածքը կրծքավանդակի հատվածում է»։

Հուսիկ Սահակյանն ասել է նաև, որ Արամ Խաչատրյանը որևէ կոնֆլիկտ չի ունեցել իր սպանության գործով ձերբակալված համածառայակցի՝ կրտսեր սերժանտի հետ: Խաչատրյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ունի մեկ եղբայր, սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքից էր, 9 ամսից էլ զորացրվելու էր:

Պաշտոնական աղբյուրները չեն նշում՝ արդյոք զինծառայողները մահացել են նույն միջադեպի հետևանքով։

Նշենք, որ 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և Պաշտպանության բանակում զինծառայողների մահվան 45 դեպք էր գրանցվել։ Հոկտեմբերի 19-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից զոհվել էր Պաշտպանության բանակի զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանը, 20-ին՝ Արամ Խաչատրյանը և Հրաչ Ավետիսյանը։ Մահվան ելքով դեպքերի թիվը 2017֊ի ընթացքում այսպիսով հասել է 48-ի։