Home / Կանանց իրավունքներ / Ուկրաինայում ընտանեկան բռնության ենթարկված կնոջն օգնելու համար ՀՀ դեսպանատունն իրավական հիմքի է սպասում

Ուկրաինայում ընտանեկան բռնության ենթարկված կնոջն օգնելու համար ՀՀ դեսպանատունն իրավական հիմքի է սպասում

Ուկրաինայի Խարկով քաղաքում բնակվող 28֊ամյա Սյուզի Այվազյանը, որը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու և սկեսրայրի կողմից և այժմ գտնվում է պետական ապաստարանում, սպասում է ՀՀ ԱԳՆ֊ի արձագանքին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, որը աջակցություն է ցուցաբերում կնոջը։

«Զանգել եմ Ուկրաինայիում ՀՀ դեսպանատուն, ասել են, որ իրավական հիմք է անհրաժեշտ, պետք է նամակ գրել։ Սյուզին, քանի որ վատ վիճակում է, գտնվում է ապաստարանում, ծնողների միջոցով նամակ է ուղարկվել ԱԳՆ, որպեսզի իր գործին դեսպանատունը ընթացք տա»,֊ ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նամակն ԱԳՆ ուղարկվել է երեք օր առաջ։

Նշենք, որ Սյուզի Այվազյանը ծնունդով Վանաձորից է, ՀՀ քաղաքացի։ Ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ունի երկու երեխա։ Երեխաներից մեկը գնտվում է մոր մոտ, փոքր երեխային ամուսինը բռնի ուժով խլել է մորից։ Մորից երեխային բաժանելու պատճառով երեխան առողջական խնդիրներ է ունեցել և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ամուսինը կիսով հայ է, կիսով՝ ուկրաինացի և Ուկրաինայի քաղաքացի է։ Հունվարի 4֊ին Սյուզի Այվազյանը կապվել է ծնողների հետ և ասել, որ երեխաների հետ հայտնվել է փողոցում։ Կինը պատմել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել ամուսնու և սկեսրայրի կողմից, բացի դա, սկեսրայրն իրեն բնակարանից վռնդել է։

Իրավապաշտպանի խոսքով՝ Սյուզի Այվազյանը փողոցում հայտնվելուց հետո առաջինը զանգել է տեղի հայկական համայնքի եկեղեցու սպասավորին․ «Նրան պատասխանել է, որ իրենց մոտ հանրակացարան չէ»։

Հովհաննիսյանն ընդգծում է, որ Այվազյանի դեպքը միջպետական խնդիր է։

«Եթե քաղաքացին գտնվում է խոցելի վիճակում, դեսպանատունը ինքը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացու պաշտպանության համար։ Եթե բռնություն է կատարվել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում այդ տղամարդու նկատմամբ։ Հունվարի 4֊ից սկսած կինը երկու երեխայի հետ գտնվել է փողոցում և որևէ մի մարմին հավուր պատշաճի չի զբաղվել նրանցով։ Այստեղ նաև խտրական վերաբերմունք կա։ Նա դիմել է ոստիկանություն և այստեղ մեծ դժվարությամբ են նրա դիմումը վերցրել, չեն ապահովել բոլոր կառույցների միահամուռ մասնակցությունը։ Չեմ կարծում, որ Ուկրաինայի քաղաքացի լինելու դեպքում նման խնդիրներ լինեին»,֊ նշել է Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ հրատապ դեպքերում, ինչպիսին Սյուզի Այվազյանի դեպքն է, ՀՀ դեսպանատունը չպետք է սպասեր նամակի, այլ ահազանգն էլ բավական պետք է լիներ։