Home / Կրթություն / Դասադուլի մասնակցած աշակերտին ապտակելու դեպքի վերաբերյալ քրգործը վերաբացվել է

Դասադուլի մասնակցած աշակերտին ապտակելու դեպքի վերաբերյալ քրգործը վերաբացվել է

Զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքով քրեական գործը վերաբացվել է, հաղորդում է ՀՀ դատախազությունը։

Ավելի վաղ Epress.am֊ը գրել էր, որ Արտաշատի համար 1 դպրոցի ուսուցիչ Նաիրա Մեժլումյանի դեմ գործը փակելը քննիչը պատճառաբանել էր նրանով, թե աշակերտն ընդամենը մեկ ապտակ է ստացել։

«Կայացված որոշման օրինականությունը Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ստուգելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի: Մասնավորապես, հիմնավորված է համարվել, որ Ն. Մ.-ն մեկ անգամ է հարվածել աշակետին: Մինչդեռ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելու վերաբերյալ տվյալներ, որոնք չեն ստուգվել: Քննության առարկա չի դարձել ծնողի կողմից բացատրություն տալու ժամանակ հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Մ-ն փորձել է 2-րդ անգամ խփել, սակայն երեխան պաշտպանվել է: Բացի դրանից, իր տված բացատրությունում տվյալ աշակերտը նշել է, որ «ԱԳԱ» սուպերմարկետի դիմաց դպրոցի նշյալ փոխտնօրենը հարվածել է իրեն, ինքը ձեռքով պաշտպանվել է և հարվածը չի դիպել իրեն: Այնուհետև դպրոցում նա ձեռքի ափով ապտակել է իր այտին՝ ֆիզիկական ցավ պատճառելով, իսկ տնօրենի աշխատասենյակում այլ աշակերտների ներկայությամբ ցանկացել է ևս մեկ անգամ ապտակել՝ սակայն տնօրենը թույլ չի տվել: Ն.Մ-ի կողմից աշակերտին երկու անգամ հարվածելու վերաբերյալ փաստական տվյալ է արձանագրվել նաև դատաբժշկական փարձաքննության եզրակացության «գործի հանգամանքները» բաժնում, որոնք ևս, իբրև Ն. Մ.-ի արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ, քննության առարկա չեն դարձել և չեն ստուգվել», ֊ ասված է գործը վերաբացելու մասին Դատախազության պարզաբանման մեջ։