Home / Ոստիկանություն / Տուժողը պնդում է՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին էր կրակել իր վրա․ հարուցվել է քրգործ

Տուժողը պնդում է՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին էր կրակել իր վրա․ հարուցվել է քրգործ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, 2007 թվականին կրակել էր Երևանի բնակիչ Դ․ Սիմոնյանի վրա, սակայն խուսափել պատժից։ Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վերացվել է դեռևս 2007թ. կայացված քրեական գործը փակելու որոշումը, որում պետք է ներգրավված լիներ Հայկ Սարգսյանը։

«2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով՝ գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին», ֊ նշված է Դատախազության հաղորդագրության մեջ:

2018 թվականի հունիսի 29-ին (դեպքից 11 տարի անց) Սիմոնյանը դիմել է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

«Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Արթուր Ղևոնդյանի հետ, երբ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հայկ և Նարեկ Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին», ֊ նշում է պաշտոնական աղբյուրը: