Home / Կրթություն / «Թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան». Երեխաներին շարունակում են ճնշել

«Թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան». Երեխաներին շարունակում են ճնշել

Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ գյուղում շարունակում է դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը լարված մնալ: Այս մասին գրում է politik.am կայքը և հիշեցնում, տեղի բնակիչները սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիա էին կազմակերպել և պահանջել դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանի հրաժարականը: Գյուղացիների պահանջի մասին տեղեկացել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և իր մոտ հրավիրել կողմերին, ինչից հետո սեպտեմբերի 4-ից դադարեցվել են բողոքի ակցիաները:

Սեպտեմբերի 10-ին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը սկսել է ճնշումներ երեխաների նկատմամբ: Այդ օրը դպրոցի աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի երեխաները մտնեն դպրոց և հայտարարել են, որ չեն պատրաստվում նրանց դասավանդել: Պատմություն, Շախմատ, Տեխնոլոգիա, Համաշխարհային պատմություն և Հասարակագիտություն դասավանդող Ռուբիկ Խաչատրյանը, ով նաև դպրոցի տնօրենի մանկության ընկերն է, երեխաներին արգելել է մնալ դպրոցում և հայտարարել է. «Գնացեք, թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան: Մենք ձեզ դաս տվողը չենք, քանի տնօրենի դեմ ձեր բողոքը հետ չեք վերացրել: Գնացեք ու էլ չմտնեք դպրոց»:

Ֆերիկ գյուղի ուսուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանն է ստիպում չդասավանդել երեխաներին. «Դպրոցի տնօրենն ու իր ընկեր Խաչատրայանն են ստիպում մեզ չդասվանդել երեխաներին: Դպրոցում ֆինանսական չարաշահումն են եղել ու իրենք վախենում են, որ եթե Պողոսյանը գնա, ապա դրանք կբացահայտվեն: Մենք մեզ վատ ենք զգում, որ երեխաներին ստիպված ենք լինում չթողնել նստել դասի», -նշել է կայքի զրուցակիցը:

Politik.am-ը մեջբերում է եզդիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանի մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի շուրջ. «Փաստորեն ուսւոցիչները փորձում են վախեցնել գյուղացիներին ու այստեղ կարևոր է, որ բոլոր իրավախախտները պատժվեն: Չի կարելի հանուն սեփական շահերի պատժել երեխաներին: Գիտենք, որ Արմավիրի մարզպետ պարոն Գագիկ Միրիջանյանը զբաղվում է այս խնդրով և հույս ունենք, որ դպրոցի ոչ կոմպետենտ անձնակազմը շուտ խելքի կգա»: