Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները մարզային այցերի շրջանակներում երեկ այցելեցին Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներ, որտեղ հանդիպումներ ունեցան տեղի ակտիվի հետ:
ԵԽ-ում Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով հանդես եկավ բավականին ծավալուն ելույթով, հիմնականում անդրադարձավ ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակին և նշեց, որ այն կանխատեսումները որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արել էր ՀՀՇ-ի համագումարում ունեցած ելույթի ժամանակ, իրականություն են դառնում:
Խոսելով Մեդվեդևի այցին հաջորդած իրադարձությունների մասին` Արման Գրիգորյանն ասաց, որ նախ տեղի է ունեցել գերտերությունների ուժերի հարաբերակցության շատ կարևոր փոփոխություն:
Բանախոսի կարծիքով` հիմա Ռուսատանին հաջողվել է մի փոքր ոտքի կանգնել սառը պատերզամի ավարտից հետո և նա կամաց-կամաց արդեն փորձեր է անելու իր նախկին կորցրած որոշ դիրքերը վերականգնելու համար, ինչի ամենակարևոր և ցայտուն արտահայտությունը ռուս վրացական պատերազմն էր, հայ-ռուսական արձանագրությունները. հայ-ռուսական պայմանագրի նորոգումը և ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը:
«Սա նշանակում է, որ ինչ-որ Տեր-Պետրոսյանն ասել էր ՀՀՇ համագումարում… այն, որ Ռուսաստանը փաստորեն ստանձնում է առաջատար գերտերության դերը Կովկասում և հետևաբար Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում… այս անալիզը համընկնում է այն եզրակացության հետ ինչ-որ Տեր-Պետրոսյանն ասել էր»:
Խոսելով նաև սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին` Արման Գրիգորյանն ասաց, որ հանրահավաքից երկու շաբաթ հետո ինքը Եվրոպայի խորհրդում ելույթ է ունենալու մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ և իր խոսքի հիմնական առանցքը լինելու են քաղբանտարկյալները, ուստի նա հորդորեց ներկաներին ակտիվորեն մասնակցել այդ հանրահավաքին:
«Ինչքան շատ մարդ գա այդ հանրահավաքին, այնքան իմ խոսքն ուշադիր են լսելու: Դրսում հաշվի են առնում, եթե ինչ-որ բան պիտի փոխվի, եթե մեր ձայնը լսում են, եթե մեզ ինչ-որ կարևոր ուժ են ընդունում, ուրեմն դա նաև արտահայտվում է այդ հանրահավաքների քանակով և որակով: Եթե այս պայքարը չլիներ, ես ձեզ հավատացնում եմ, որ այսօր մենք ոչ թե 14 քաղբանտարկյալ կունենայինք , այլ 1400 ու ոչ ոք չէր էլ հիշելու դրա մասին: Ձեր պայքարը որ չլիներ, Ռոբը այսօր վարաչպետ էր լինելու, հազար ու մի ուրիշ այլանդակություն էր լինելու, որ իրենք չեն արել, որովհետև այս պայքարը կա, ժողովուրդը չի ծալել իր դրոշը և տուն գնացել: Իսկ իշխանություն վերցնելն էլ այս տեսակ աշխարհաքաղաքական պայմաններում դա զոռով չի, դրա համար պետք է լինեն շատ հստակ գործոններ, որ պիտի թույլ տա մեզ էդ բանը անել: Եթե մենք պայքարը դադարեցնենք, ինչ գործոն ուզում է լինի, երբեք իշխանություն չենք վերցնի, պետք է միշտ պատրաստ լինել, որ այդ գործոնները ինչ-որ մի պահի իրականություն են դառնալու»,- հավելեց Արման Գրիգորյանը: