«Эхо Москвы» ռադիոկայանի հաղորդավար Մատվեյ Գանապոլսկին իր բլոգում պահանջել է, որպեսզի հայկական կայքը, որն իր մասին ապատեղեկատվություն է տարածել, ներողություն խնդրի: Գանապոլսկու խոսքերով` կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ինքը «Երևանում կայացած կոնֆերանսի ժամանակ սկանդալ է բարձրացրել»:
«Գնացի Երևան ԱԱՎ-ի (Ալեքսեյ Վենեդիկտով, «Эхо Москвы»-ի ղեկավար) հանձնարարությամբ: Մասնակցեցի Հարավային Կովկասին վերաբերող կոնֆերանսին: Տպավորություններս շատ են ու բազմազան: Վերադառնալով տուն` հայտնաբերեցի, որ մի հայկական կայք իմ մասին ապատեղեկատվություն է տարածել տարօրինակ խորագրի տակ` «Երևանյան կոնֆերանսը նշանավորվեց ՍԿԱՆԴԱԼՈՎ ռուսաստանցի լրագրողի և հայկական փորձագետների միջև»: Չնայած առաջին իսկ արտահայտության մեջ նշված է, որ դա պարզապես բառային վեճ էր:
«Այո, կեցցեն հայերը, հատկապես եթե հաշվի առնել, որ այդ բանավեճին լրագրողներ ներկա չեն եղել: Բոլորը միմյանց ձեռք էին սեղմում: Հավանաբար, «հայկական ոճը» կայանում է նրանում, որ նրանք սկզբից ձեռք էին սեղմում, իսկ հետո բողոքում իմ մասին այդ կայքին:
Ես մի երկու օր կսպասեմ ներողություն թե այդ կայքից և թե կոնֆերանսի կազմակերպիչներից: Եթե ներողություն չխնդրեն, ես կգրեմ, թե ինչպես եմ տեսնում այդ ամենը, ամեն ինչ, ինչ եղել է: Միայն թե առանց դիվանագիտության», – գրում է Գանապոլսկին:
Համաձայն հայկական կայքի տարածած հաղորդագրության` կոնֆերանսի երկրորդ օրը վեճ է տեղի ունեցել «Эхо Москвы»-ի լրագրողի և հայաստանցի փորձագետների միջև, ովքեր Գանապոլսկու ելույթում հակահայկական երանգներ են նկատել:
Գանապոլսկին, իբր, հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանում, որն իրեն Ռուսաստանի բարեկամն է համարում, չկան ռուսերեն լեզվով գրություններ: Այնուհետև լրագրողն անցել է Ղարաբաղի խնդրին և բավական վիրավորող ձևակերպումներ օգտագործել, օրինակ` «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ապուշ իրավիճակ»:
Ելույթն առաջացրել է ներկաների վրդովմունքը: Փորձագետներ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Թևան Պողոսյանը կոչ են արել լրագրողին ավելի կոռեկտ լինել` հիշեցնելով, որ ինքը գտնվում է հայկական հողի վրա և հայերի միջավայրում: