Անցյալ տարի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, երկար բանակցություններից հետո, Հայաստանն ու Թուրքիան համաձայնության եկան, և երկու երկրների արտաքին գործերի նախարարներն Արձանագրություններ ստորագրեցին` դիվանագիտական հարաբերությունների ձևավորման, սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Այսպես է սկսում Wall Street Journal պարբերականում տպագրված իր հոդվածը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանում մեզ առաջնորդում էր ապագայի պատկերը, որտեղ սերունդները պիտի խաղաղ և ապահով ապրեն: Հայաստանյան այս նախաձեռնությունը դրական պատասխանի արժանացավ Թուրքիայի նախագահի կողմից և մեզ հնարավորություն ընձեռեց հստակ ներդրումներ անել մերձեցման գործում», – գրել է Նալբանդյանը:
Նրա խոսքով` Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր «հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների» մոտեցման մեջ:
Սա Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու համար հիմնական սկզբունքն էր:
Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց համաձայնությունից: Անկարան ոչ միայն չվավերացրեց Արձանագրությունները, այլև սկսեց կրկին նախապայմաններ թելադրել, ինչն անում էր մինչ գործընթացի սկսվելը:
Թվում է, թե իրար չենք հասկանում: Մի կողմից, թուրք առաջնորդները ձևացնում են, թե իրենք հարգում են սկզբունքներն ու համաձայնության պահպանման կողմնակից են, իսկ մյուս կողմից էլ` հրաժարվում են վավերացնել և կյանքի կոչել Ցյուրիխում իրենց կողմից ստորագրած Արձանագրությունները: Ի՞նչ է սա նշանակում: Նրանք հայտարարում են, թե նախապայմաններ չկան, թե ուղղակի պահանջում են, որ մենք իրականացնենք այս կամ այն գործողությունը, մինչ իրենք կսկսեն վավերացման գործընթացը: Մի՞թե սա չի նշանակում է, որ նրանք նախապայմանններ են ներկայացնում», – նշել է ՀՀ արտգործնախարարը:
Իր հոդվածում նա հայտարարել է, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ.
«Թուրքիայի կողմից իրականացված ցանկացած փորձ միջամտել Ղարաբաղի հարցին կամ կապել այն երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ, վնաս է հասցնում երկու գործընթացներին: Սա դիրքորոշում է, որի մասին խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ներգրավված բոլոր մեծ խաղորդները: Միջազգային հանրությունը ընդգծել է դա մի քանի անգամ: Միջազգային հանրությունը մի լեզվով է խոսում, իսկ Թուրքիան` լրիվ այլ»:
Նալբանդյանը նշել է, որ Թուրքիան նաև փորձում է երեսպաշտորեն օգտագործել հարաբերությունների բարելավման գործընթացը`տարբեր երկրներում նշելով, որ Ցեղասպանության ճանաչելու բանաձևերի ընդունումը կարող է խանգարել վերոնշյալ գործընթացին:
«Մեր հերթին, տվյալ գործընթացի սկզբում իսկ մենք հստակ հայտարարել ենք թուրք գործընկերների հետ ունեցած շփումներում, ինչպես նաև հրապարակավ, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը», – գրել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ Հայաստանն է սկսել գործընթացը և ոչ մի ջանք չի խնայել այն հաջողությամբ պսակելու համար:
«Իսկ երբ թուրքական կողմը գործընթացը կանգնեցրեց փակուղու առջև, ապա Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման գործընթացը», – հայտարարել է ՀՀ ԱԳ ղեկավարը:
«Հայաստանի և Թուրքիայի բանակցություններն ավարտվեցին Արձանագրությունների ստորգրմամբ: Այժմ չկա «լուռ դիվանագիտություն» կամ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ոչ էլ բանակցությունների նոր փուլ, չնայած թուրքական լրատվամիջոցները նման տեղեկատվություն են տարածում: Երկարատև գործընթացում միայն մեկ քայլ է մնացել`վավերացնել Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված Արձանագրությունները և իրագործել դրանցում առկա կետերն առանց աղմուկի: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել, եթե Թուրքիան կրկին պատրաստ կլինի շարունակել հարաբերությունների բարելավման գործընթացն առանց նախապայմանների: Այսօր համաշխարհային մայրաքաղաքներից շատերում նշում են, որ գնդակը Թուրքիայի կողմն է, Հայաստանն արել է այն, ինչ իրենից կախված է, և Թուրքիան պետք է իրականացնի խոստացած քայլերը: Յուրաքանչյուրն իր բարի մտադրությունները պետք է արարքներով ապացուցի», – եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը: