Պարույր Սեվակը և Դանտե Ալիգյերին, Անտոնիա Արսլանը և Գրիգոր Նարեկացին կմիավորվեն Իտալական շաբաթվա շրջանակներում: Ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հոկտեմբերի 18-ից 24-ը 10-րդ անգամ կնշեն ավանդական դարձած Իտալական լեզվի շաբաթը: Այս անգամ իտալերեն լեզվին նվիրված միջոցառումների շարքը կանցկացվի «Ընկերոջ լեզու. մեր և ուրիշների իտալերենը» կարգախոսի ներքո:
Հայաստանում Իտալական լեզվի շաբաթվա ընթացքում մի շարք միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես, հոկտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին Իտալիայի դեսպանատանը կներկայացվի հայ բանաստեղծ Պարույր Սեվակի ստեղծագործությունների ժողովածուն իտալերեն լեզվով: Սեվակի բանաստեղծությունները հայերենից իտալերեն թարգմանել է Կարեն Միրզոյանը:
Հոկտեմբերի 20-ին Սփյուռքի նախարարությունում, ժամը 15:00-ին կկայանա հայերեն-իտալերեն բառարանի շնորհանդեսը, որը լույս է տեսել հայր Վահան Օհանյանի խմբագրությամբ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին Համազգային թատրոնում հանդիպում տեղի կունենա հայազգի իտալացի գրող Անտոնիա Արսլանի հետ, ում գրչին է պատկանում Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» վեպը:
Նույն օրը դարձյալ Համազգային թատրոնում Սոնա Հարությունյանը հանդես կգա «Դանթեն՝ մերը և ուրիշներինը. իտալերենի նախահայրը հայ իրականության մեջ» ելույթով:
Իտալական շաբաթվա ընթացքում կներկայացվի նաև ռեժիսոր Վահան Բադալյանի «7-րդ զգացողություն» հայ-իտալական համատեղ ներկայացումը, որի հիմքում ընկած է հայ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը: