Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ իր պետությունը չպետք է կոչվի «Գրուզիա»:
«Գրուզիա» բառը ոչ մի ընդհանրություն չունի այն պետության հետ, որտեղ մենք ապրում ենք: Սա թուրքական «գյուրջի» բառի փոփոխված տարբերակն է»,- «Վրեմյա Նովոստեյ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Վաշաձեն:
Նրա խոսքով` Վրաստանը պետք է Սաքարթվելո կամ Գեորգիա կոչվի: Դիվանագետն ընդունում է նաև երկրի անվանման անգլերեն տարբերակը` Georgia (Ջորջիա):
«Շատ երկրներում մեզ հենց այդպես էլ անվանում են: Ցավոք սրտի, «Գրուզիա» բառն արմատացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, բայց մենք աստիճանաբար ուղղում ենք դա»,- նշել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ մայիսին` Լիտվա կատարած պաշտոնական այցի ժամանակ, Վրաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Վրաստանը շարունակում է պնդել, որպեսզի Վիլնյուսը «Ջորջիա» անվանի իր ներկայացրած պետությունը:
«Ես կոչնչացնեմ «Գրուզիա» բառը, խոստանում եմ: Եվ ոչ միայն Լիտվայում»,- ամփոփել է նախարարը: