Նոյեմբերի 16-ին Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը «Գրքի շաբաթվա» առիթով «Գրքի դերը ազգերի մերձեցման գործում» թեմայով կազմակերպել էր կլոր սեղան, որին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել գրահրատարակիչներին, մշակութային գործիչներին, ինչպես նաև Թեհրանում հավատարմագրված դեսպանություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող մշակութային կենտրոնների ղեկավարներին:
Կլոր սեղանին ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով անդրադարձավ Հայաստանում և հայկական գաղթօջախներում գրքի դերին ու նշանակությանը:
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին «Գրքի մայրաքաղաք» հռչակելու մասին որոշմանը` ՀՀ դեսպանը խոսեց նաև 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում հրատարակված հայկական առաջին տպագիր գրքի` «Ուրբաթագրի» մասին` նշելով, որ հայկական առաջին գրքի հրատարակման 500 ամյակը մեծ շուքով նշվելու է ոչ միայն Հայաստանում, այլև` հայկական գաղթօջախներում: Դեսպանը նաև հավելեց, որ Մերձավոր Արևելքում առաջին տպագիր գիրքը շուրջ 400 տարի առաջ լույս է տեսել Սպահանի Նոր Ջուղայում, ինչը մեծ պատիվ է իրանահայության համար:
Դեսպան Առաքելյանն իրանական կողմին առաջարկեց երկու հարևան ժողովուրդների հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալու նպատակով մինչև 2012 թվականը նախապատրաստել համատեղ մշակութային ծրագրեր և փորձել երկու երկրների մայրաքաղաքներում անցկացնել գրքին նվիրված միջոցառումներ: