2008 թ. վրաց-օսական պատերազմի մանրամասների հետ կապված դիվանագիտական փաստաթղթերն առաջին անգամ հասանելի դարձան «Русский репортер» ամսագրի էլէկտրոնային կայքում, որը, իր հերթին, նյութերը վերցրել էր WikiLeaks կայքից:
Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից Վաշինգթոն ուղարկված հաղորդագրության մեջ նկարագրվում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի և ԱՄՆ-ի դեսպանի տեղակալի միջև 2008 թ. օգօոստոսի 11-ին կայացած զրույցը, որի ընթացքում Հայաստանի փոխնախարարը դժգոհություն է հայտնում` Վրաստանից դեպի Հայաստան ներկրվող ապրանքների ստացման հետաձգման հետ կապված: Նրա խոսքով` վրացական կողմը թույլ չէր տալիս այդ ապրանքներն անցկացնել սահմանով:
Համաձայն հաղորդագրության` Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ենթադրություն է արել, թե Վրաստանի ղեկավարությունը հատուկ է պահում այդ ապրանքները` պատերազմի ընթաքում սեփական կարիքները հոգալու համար:
Բացահայտվել է նաև, որ Հայաստանը դժգոհել է նրանից, որ պատերազմից մի քանի օր առաջ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող վրացական երկու ընկերություններ գրեթե եռակի բարձրացրել են ծառայության գները:
«Վարչապետը բողոքել է նրանից, որ այն ժամանակ, երբ վրացական կողմը դադարեցրել էր հայկական ապրանքների տեղափոխումը, ադրբեջանականները բարեհաջող տեղ էին հասնում»,- ասվում է Երևանից ԱՄՆ ուղարկված փաստաթղթերում:
Ամերիկացի դիվանագետը, համաձայն հաղորդագրության, պատասխանել է, որ հայկական ապրանքների ներկրման խնդիրը կվերանա ռազմական գործողությունների ավարտից հետո:
Ինչպես ասվում է Երևանից ուղարկված հեռագրում, Հայաստանի ղեկավարությանը, մասնավորապես, վրդովվեցրել է Վրաստանի կառավարության կողմից արհամարհված լինելու փաստը: Հաղորդագրություններից մեկում նշվում է, որ Հայաստանի վարչապետը բողոքել է, թե Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Լադո Գուրգենիձեն «չի պատասխանել» իր հեռախոսազանգերին, և ենթադրել է, որ Վրաստանը, հնարավոր է, «պատժում է» Հայաստանին Ռուսաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունների համար:
«Մենք այս հարցը չենք հրապարակայնացրել, քանի որ փորձում ենք պահպանել Վրաստանի հետ լավ հարաբերությունները», – ասել էր վարչապետը Երևանում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպանին:
Եվս մեկ հաղորդակգրությունում, որը պատմում է օգոստոսի 15-ի իրադարձությունների մասին, Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Վաշինգթոնին, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վիրավորված են նրանից, որ չեն կարողանում կապ հաստատել Վրաստանի հետ:
ԱՄՆ դեսպանատան հեռագրում նշված է, որ Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի վերաբերմունքը որակել է որպես «թշնամական»: Համաձայն հեռագրի` ԱԳ ղեկավարը ամերիկացի դիվանագետին հայտնել է, որ Երևանը փորձում էր օգնել Վրաստանին և մտադիր էր առաջարկել 4000 փախստական ընդունել և միջանցք ստեղծել միջազգային մարդասիրական օգնության համար: «Էլ ի՞նչ են ուզում մեզանից», – Հայաստանի ԱԳ ղեկավարի խոսքերն է մեջբերում WikiLeaks-ի հրապարակած փաստաթուղթը, հայտնում է Civil.ge-ն: