Նախագահական նստավայրի առջև հավաքված բազմությունն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում էր վետո դնել ԱԺ-ի` «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների նախագծին: Ակցիային մասնակցում էին ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը:
«Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր ՀՀ նախագահին, որպեսզի վետո դրվի «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վրա և «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների վրա, որոնցով նախատեսվում է հանրապետությունում տասնմեկ օտարալեզու դպրոցների բացումը:
«Մենք հիմնավորումներ ենք ներկայացրել, որ դա անթույլատրելի է, և ակնկալում ենք, որ Հանրապետության նախագահն առարկություններով այն հետ կվերադարձնի Ազգային ժողով և չի վավերացնի: Եվ այսօր հասարակական տարբեր խմբեր նույն պահանջով եկել են նախագահական նստավայր: Իհարկե, ցածր հավանականությամբ, բայց ունենք ակնկալիքներ: Հանրապետության նախագահը միանգամայն կարող է կանխել այս օրինագծի` գործողության մեջ մտնելը», – Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ամեն դեպքում կստորագրի օրինագիծը:
«Բայց էս ձևական կողմը պահպանելը, ոնց որ, ճիշտ ա: Հա, թող ինքն էլի ստորագրի, էլի մերժի էս պահանջը, բայց, ամեն դեպքում, ինքն էլ ևս մեկ անգամ հաստատի, որ էս հարցի մեջ կա: Հետո հանկարծ չասի, չպահանջեցիք, ես էլ՝ դե, չգիտեի, գայիք, ասեիք, ես էլ չէի ստորագրի: Չնայած ինձ համար հոգեբանորեն մի քիչ դժվար ա, ես աշխատում եմ մեջքով կանգնել»,- կեսկատակ ասել է հրապարակախոսը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հնարավոր է իրենք նախագահականի առջև անցկացնեն Ամանորը, բայց այդ հարցը դեռ պետք է քննարկեն:
«Ճիշտ է՝ ամենահաճելի տեղը չէր լինի Նոր տարին նշելու համար, բայց դա էլ տարբերակ է»,- ասել է Հովհաննիսյանը:
Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի հետ միասին նշեն Նոր տարին` նրանք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, իսկ այս նախաձեռնությունն էլ` օտարալեզու դպրոցների դեմ բողոքով, Հովհաննիսյանը պատասխանել է.
«Քննարկելու խնդիր է, նորմալ հարաբերություններ ունենք ՀԱԿ-ի հետ, կարող ենք կապվել և քննարկել»:
Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ «ոչ ոք չի ասում, որ էստեղ եկողները միամիտներ են, ու նման ձևով հնարավոր է կանխել ստորագրումը»:
«Պարզապես մեր պարտքն է քաղաքացիական կեցվածք դրսևորելու, հայրենիքի համար կանգնելու կեցվածք: Սերժ Սարգսյաններն այսօր կան, վաղը չկան, իսկ հիմնարար խնդիրները, համոզված եմ, մեզ` հայերիս, հաջողվելու է լուծել ի նպաստ մեզ»,- ասել է Սեֆիլյանը:
Նա նշել է նաև, որ «ինչ-որ չափով այս օկուպացիոն ռեժիմը օգնում է».
«Այն իմաստով, որ այսօր մարդիկ այս կամ այն խնդրի շուրջ միավորվում են: Ես կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնությունների համադրումով մեզ հաջողվելու է մեր երկրի մեջ մեր պետությունը ստեղծել»,- նշել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնողը:
Արվեստագետ Արթուր Պետրոսյանը մեզ հետ զրույցում անիմաստ է համարել նման լոկալ պահանջները:
«Ես միշտ ասել եմ, որ մինչև իշխանափոպություն չլինի, ոչինչ չի փոխվի: Պետք ա պահանջել միանգամից ընդհանուր իշխանափոխություն, պետք է գլոբալ մոտենալ հարցերին, լոկալ հարցերի փոփոխություն պահանջելը անիմաստ է»,- ասել է Արթուր Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նման նախաձեռնություններն ընդամենը աշխուժության տարր են.
«Ճիշտն ասած, լոզունգներն էլ մի տեսակ ազգայնական բան են իրենց մեջ պարունակում՝ մենակ «Հայաստան, Հայաստան»: Ազատություն բառը ես լիդերներից չլսեցի: Էսօրվա գլխավոր պահանջը իշխանության հրաժարականն ա, բայց եթե մենք պահանջում ենք հրաժարական, ինչի ենք հիմա եկել, խնդրում ինչ-որ մի բան անել: Ուղղությունը պետք ա դեպի իշխանափոխությունը լինի»,- նշել է մեր զրուցակիցը: