Լեռնային Ղարաբաղի անխակության միակողմանի ճանաչումն ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Вести Кавказа-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային համագործակցության` գլոբալիզացիայի հարցերով վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Այս քայլի անտեղիությունը բացատրվում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների թվում են Ֆրանսիան, Ռուաստանը, ԱՄՆ-ն: «Ինչ-որ տեղ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կարող է որպես մարտահրավեր հնչել այս երկրներին: Ազդելով համաշխարհային գործընթացների վրա` նրանք հսկայածավալ աշխատանք են տանում: Օրինագծի հաստատման դեպքում Հայաստանը կհայտարարեր Ռուսաստանին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այլևս չի կարևորում նրա կարծիքը»,- պարզաբանել է փորձագետը:
Գրիգորյանը չի կիսում այն կարծիքը, թե ղարաբաղյան հարցը փակուղի է մտել: «Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատ փորձագետներ պարզապես չեն կարողանում կամ չեն ուզում խորապես ուսումնասիրել այս լուրջ և լայնածավալ գործընթացի էությունը: Աստանայում կայացած գագաթաժողովի ընթացքում հնչած հայտարարությունն ակնհայտ առաջխաղացում էր, և Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում դրական է: Կարելի է հիշատակել այստեղ Աստրախանում կայացած հանդիպումը, որտեղ հակամարտող կողմերը շատ կարևոր մարդասիրական արդյունքների հասան` պայմանավորվելով փոխանակել ռազմագերիներին:
Հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի կողմից նույնպես հստակ և դրական նշաններ են երևում, ինչում ես համոզվեցի Բաքու կատարած իմ այցի ժամանակ: Մասնավորապես, վերանորոգվում է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին: Այդ իսկ պատճառով, չեմ կարող իրավիճակը փակուղային համարել»,- նշել է փորձագետը:
Նա վստահություն է հայտնել, որ պատերազմի սպառնալիք այլևս չկա, քանի որ Աստանայում հստակ ազդակ էր տրվել Եվրամիությանը, որ ուժային միջոցների կիրառման ցանկացած տարբերակ բացառվում է: