Հայերի կերպարն Արևմուտքում ձևավորվում է հիմնականում Ցեղասպանության խնդրի շուրջ, իսկ վերջին ամիսներին հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում` բարձրաստիճան հայ իշխանավորների կապերի և ԱՄՆ-ում գործող քրեական շրջանակների ստվերի ներքո:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա` շարժումը ցանկանում է հիշեցնել` «ինչի է ունակ աշխատասեր և շնորհալի հայ ժողովուրդն ազատության, արդարության և օրինականության պայմաններում»:
Շարժումն անդրադարձել է 20-րդ դարի Ցեղասպանությունը վերապրած Միացյալ Նահանգներում հայերի աշխարհահռչակ գյուտերին և բացահայտումներին:
Ռեժիսորը ներկայացրեց 2010 թվականին լույս տեսած Ստեփան Փարթամյանի “Yes, we have” (Ահա, թե ինչ մենք ունենք) գիրքը` նախագահ Օբամայի “Yes, we can” վերաձևակերպման աննշան փոփոխությամբ:
«Գրքի խորագիրն է` ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում: Գիրքն ուշարգավ է, այնտեղ ներկայացված են 20-րդ դարի ամենանշանավոր գյուտերն ու հայտնագործությունները», – նշել է բանախոսը:
ԱՄՆ-ում հայ ճարտարագիտական մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում 1908-ին ներկայացված և 1911 թվականին գյուտ ճանաչված Գաբրիել Ղազանչյանի մազերի չորացման սարքը, որն ավելի հայտնի է «ֆեն» անվամբ:
«Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կարելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ասատուր Սարաֆյանին, որն Ամերիկայում հայտնի է որպես Օսկար Բենկեր», – ասել է Խզմալյանը:
Նշենք, որ Սարաֆյանը հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փախանցման տուփը, որն արդեն 1940 թվականից ի վեր կիրառվում էր ամերիկյան ավտոմեքենաներում: Նույն Բենկեր-Սարաֆյանին է պատկանում ավտոյուղի չափիչի և բազմագույն տպիչ սարքի գյուտը:
Այս շարքում բազմաթիվ հայերի կողմից հայտնաբերած գյուտերի կողքին են նաև Ստեփան Ստեփանյանի` բեռնատարի վրա տեղադրվող բետոնախառնիչը, Արտաշես Հայկանյանի`խմիչքների համար ճկուն անկյունով ծղոտը, Լյուտեր Սիմիջյանի` դրամաբաշխային սարք (բանկոմատ) և’ թղթադրամի, և’ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատներ (1956թ.):
«Մեր տվյալներով` մոտ 6-7 տարի առաջ Հայաստան է այցելել աշխարհահռչակ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը` մագնիսառեզոնանսային ախտորոշման մեթոդի հեղինակ, և բանակցություններ է փորձել վարել մեր երկրում այդ եզակի սարքերի արտադրման առաջարկով», – պատմել է Տիգրան Խզմալյանը:
Բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, ակնարկեցին, որ այս գաղափարի իրականացման համար սփյուռքահայ մասնագետը պետք է որոշակի գումար փոխանցի որոշ պաշտոնյաների հաշվեհամարներին: «Ավելորդ է ասել, որ գիտնականը հեռացել է Հայաստանից հիասթափված ու վիրավորված», – ընդգծել է Խզմալյանը:
«Մեր հայրենիքն ի վիճակի է և անպայման կատարելու է գիտական, կրթական, տնտեսական ու հասարակական թռիչքային զարգացում` օգտագործելով համայն հայության մտավոր ու նյութական ներուժը: Սակայն դա հնարավոր է լինելու միմիայն Հայաստանը զավթող, թալանող և կեղեքող բռնատիրությունից ազատվելուց հետո», – եզրափակել է Տիգրան Խզմալյանը: